ԵՄ-ն պատրաստ է տրամադրել ֆինանսական աջակցություն դատաիրավական բարեփոխումների համար․ դեսպան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 22, 24News

Սվիտալսկի

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին անդրադարձել է դատաիրավական համակարգում կատարվող փոփոխություններին՝ նշելով, որ Եվրամիությունը պատրաստ է աջակցել Հայաստանին դատաիրավական բարեփոխումների կատարման գործընթացում: 

«ԵՄ-ն հստակ աջակցությամբ է հանդես եկել դատաիրավական բարեփոխումների գործընթացի նկատմամբ: Այդ աջակցությունը ներկայացվել է ամենաբարձր մակարդակով: Վստահ եմ, որ հիշում եք, թե նախագահ Տուսկը ինչ է ասել Հայաստանում: ԵՄ-ն միտված է հայկական կողմի ջանքերի իրականացմանը՝ իսկապես անկախ, մաքուր, անբիծ, արդյունավետ դատական համակարգ ստեղծելու ճանապարհին: Մենք պատրաստ ենք ապահովել քաղաքական, խորհրդատվական ու ֆինանսական աջակցություն»,-ասել է Սվիտալսկին:

Ըստ դեսպանի՝ ԵՄ-ն պատրաստ է տրամադրել չափելի ֆինանսական աջակցություն դատաիրավական բարեփոխումների գործընթացի համար:

«Մեր աջակցությունը չափազանց կարևոր է ֆինանսական տեսանկյունից: Մենք դիտարկում ենք աջակցության երկու ուղղություն՝ ուղիղ, անմիջական աջակցություն և բազմամիլիոնանոց աջակցության ծրագիր առաջիկա երեք-չորս տարիների համար: Մենք անհամբեր սպասում ենք կոնկրետ պլանների, որոնք ՀՀ կառավարությունն ուրվագծում է: Մենք պատրաստ ենք այդ պլաններում Հայաստանին աջակցություն տրամադրել»,- ասել է Սվիտալսկին, ապա հավելել, որ ԵՄ-ն բարեփոխումների որևէ մոդել չի պարտադրում, ԵՄ-ում չկա մեկ միասնական մոդել, որը կաշխատի պատշաճ:

«Խնդիրներ կան նույնիսկ ԵՄ ընտանիքում: Այնպես որ, ԵՄ-ն ոչինչ չի պարտադրում, բայց մենք պատրաստ ենք խորհրդատվություն տալ, մոբիլիզացնել փորձագիտական ներուժը, կիսվել փորձով: Եթե Հայաստանին հետաքրքրում է որևէ երկրում կատարված փոփոխությունների մոդելը, փորձագետները կասեն՝ ինչն էր լավ, ինչը՝ վատ, որպեսզի Հայաստանը չկրկնի սխալները»,- ասել է դեսպանը, ապա անդրադարձել նաև  ընդդիմության քննադատությանը, թե իշխանությունը փորձում է ստեղծել կախյալ դատական համակարգ։

«Բարեփոխումները պետք է իրականացվեն ՀՀ Սահմանադրությանը համաձայն: Բարեփոխումներին ուղղված ջանքերը պետք է լինեն միջազգային ստանդարտներին համապատասխան: Երբ ասում ենք անկախ դատական իշխանություն, մենք նկատի ունենք իրապես անկախ դատարան, որը պաշտպանված է անհարկի, ոչ օրինական միջամտությունից: Իշխանության ճյուղերի կատարյալ բաժանումը չափազանց կարևոր է մեզ համար: Ես որևէ պատճառ չունեմ այս պահին անհանգստանալու, որ միտում կա թուլացնելու դատական իշխանության անկախությունը Հայաստանում»,-ասել է Սվիտալսկին։