ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 22, 24News
Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է քաղաքային իշխանության մեկ տարվա աշխատանքին և Երևանի համար որպես առաջնահերթ խնդիր նշել աղբահանությունը։
«Ամառվա այս շոգին առավել քան զգում ենք դա, երբ տուրիստները քաղաքում շատ են, լրացուցիչ ծանրաբեռնվածությամբ պետք է աշխատի քաղաքի մաքրությամբ զբաղվող կառույցը, սակայն պարզվում է, որ նման կառույց չկա»,- ասել է Վահագն Խաչատրյանը և նշել, որ «Սանիթեքը» ոչինչ չի անում և քաղաքային իշխանությանը փաստի առաջ է կանգնեցրել:
«Պատերազմ են հայտարարել մեկը մյուսին, դատի են տալիս միմյանց, արդյունքում տուժում է քաղաքացին»,- ասել է նախկին քաղաքապետը, ապա նկատել, որ պատճառն այն է, որ ժամանակին համապատասխան ձևով մրցույթ չեն անցկացրել, արդյունքում շահել է մի կազմակերպություն, որը նախկինում հայտնի չի եղել որպես աղբահանություն իրականացնող կառույց:
Ըստ Վահագն Խաչատրյանի՝ քաղաքային իշխանությունը պետք է հրապարակի «Սանիթեքի» հետ պայմանագիրը՝ հասկանալու համար, թե ով է ի վերջո այս վիճակի համար պատասխանատու, ապա հիշեցրել, որ քաղաքապետարանից ասում են՝ պայմանագրի պահանջները չեն կատարվում, «Սանիթեքն» էլ ասում է՝ աղբամանները կոտրում են: Մինչդեռ նախկին քաղաքապետը վստահ է, որ քաղաքապետ Հայկ Մարությանն ու քաղաքապետարանի աշխատակազմը սրտացավ են, ամեն ինչ անում են վիճակից օր առաջ դուրս գալու համար, բայց դեռ չի ստացվում:
Ինչ վերաբերում է «Սանիթեք»-ին, ապա, ըստ բանախոսի, ընկերությունը վարկեր է վերցրել, պարտքերի մեջ խրվել, իսկ աղբատար ավտոմեքենաների, աղբամանների՝ հայտարարված քանակը չի համապատասխանում իրականությանը, դրանք ավելի քիչ են, ապա անդրադարձել է քաղաքային իշխանության կողմից աղբահանությունը իրականացնելու տարբերակին։
«Միշտ ասել եմ, որ չի կարելի նման ծառայությունները պետությանը վստահել, ուղղակի պետք է նորմալ մրցույթ անցկացնել և դա պատվիրակել մի որևէ կառույցի։ Բայց, անելանելի վիճակից ելնելով, քաղաքային իշխանությունը որոշել է «ԿամԱզ»–ները բերել, որ ասեն՝ մեքենաները չի հերիքում, «Սանիթեք»–ն էլ ասի՝ խնդրեմ, վերցրեք»,- ասել է նա և որպես օրինակ բերել Թբիլիսիի փորձը։