«Հայաստանում անպատժելիության զգացումը վերացել է»․ Սվիտալսկին հեռանում է

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 22, 24News

1

Այն, ինչ անցած տարվա ընթացքում տեղի է ունեցել Հայաստանում, շատ կարևոր է։ Այդ ամենի ժառանգությունը պետք է պաշտպանել, այսօր տեղի ունեցած հրաժեշտի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին։

«Շատ դրական երևույթներ են տեղի ունեցել։ Նախևառաջ՝ շատ հստակ առաջընթաց դեպի ժողովրդավարություն։ Առաջին քայլը միշտ լավ ընտրություններն են։ Հայաստանը վերջին ընտրություններով ժողովրդավարական զարգացման աննախադեպ մակարդակ է ապահովել։ Կարող եք հպարտանալ», - նշեց դեսպանը։

Կոռուպցիայի դեմ պայքարի մասով Պյոտր Սվիտալսկին նշեց, որ Հայաստանն այս ոլորտում ևս հստակ քաղաքական կամք է ցուցաբերել և պետք է կարողանա այն պահպանել։

«Անպատժելիության զգացումը վերացել է։ Որոշ մարդիկ անցյալում կարծել են, որ օրենքից վեր են։ Կարծում եմ՝ շարքային քաղաքացիները մեծապես գնահատում են, որ ձերբազատվել են այդ զգացողությունից, որ արտոնյալ մարդիկ կան», - նկատեց ԵՄ դեսպանը։