Դիմումը ՍԴ ընդունվելուց հետո Քոչարյանի կալանավորումն իրավունքի խախտում է. սահմանադրագետ

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 22, 24News

1

Սահմանադրական դատարանի կողմից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դիմումը Մարդու իրավունքների եվրոպական դատարանին և Վենետիկի հանձնաժողովին հայաստանյան իրավական պրակտիկայում միգուցե նորարարություն է, բայց միջազգային պրակտիկայում՝ առհասարակ ոչ․ այսօր հրավիրված ասուլիսին ասաց սահմանադրագետ Արամ Վարդևանյանը։

Ըստ նրա՝ ՄԻԵԴ-ին նման դիմում ներկայացնելը որևէ կերպ չի նշանակում, բարձր դատարանները չունեն այդ կարողությունները նման որոշում կայացնելու, առանց այդ խորհրդատվական կարծիքների։ «Սա պարզապես ԵԽԽՎ անդամ երկրների համար հավելյալ արդյունավետ գործիք է, որը և իրացվում է։ Տարակուսելի և անհասկանալի է քննադատությունը կամ դիսկուրսը որ ձևավորվում է այս գործընթացի վերաբերյալ»։
Իսկ թե ինչով է պայմանավորված այն, որ ՍԴ-ն չէր ստացել ԱԺ բացատրությունները և նման դիմում է ներկայացրել, բանախոսը արձագանքեց․ «Որտե՞ղ է ամրագրված, որ պետք է ՍԴ-ն սպասեր բացատրությունների տրամադրմանը, որից հետո դիմեր Վենետիկի հանձնաժողով և ՄԻԵԴ»,-ասաց նա:  

Վերաքննիչի բեկանման մասով էլ սահմանադրագետը նկատեց․ «Իսկ որտեղ է գրված, որ վերաքննիչի բեկանումը որևէ ազդեցություն պետք է ունենա Սահմանադրականի վրա, պարզ ճշմարտություն կա, Սահմանադրական դատարանը կաշկանդված է մեկ իրավական ակտով՝ դա Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքն է և այստեղ որևէ տեղ չի նշվել՝ իրենց դիմումները դատարանների կողմից բեկանվե՞լ են, թե քննության առարկա են դարձել։ Եթե նման կարգավորում լիներ, մեկ սուբյեկտ էր Սահմանադրական դատարանը դիմելու՝ դա Վճռաբեկ դատարանն էր լինելու, և եթե վարույթ ընդունի և ասի, որ Առաջին ատյանը ճիշտ էր, այդ ժամանակ ի՞նչ պետք է ասենք»,- նշեց նա և հավելեց, թե խոսքը չի վերաբերում միայն Առաջին ատյանի դատարանին, խոսքը վերաբերում է նաև փաստաբանական թիմի կողմից ներկայացված դիմումին, որը վարույթ էր ընդունվել և վերաբերում է 300.1 հոդվածին:

Արամ Վարդևանյանը պնդեց, որ այն պահից, երբ կալանավորումը շարունակում է լինել որպես խափանման միջոց, ամեն օրը այն իրավունքի խախտում է: 

«Երբ հուլիսի 8-ին դատարանի դիմումը վարույթ ընդունվեց Սահմանադրական դատարանի կողմից, անձը կալանավորված չի կարող լինել, մեկ պարզ պատճառով, կալանավորումը կիրառելու համար պետք է լինի հիմնավոր կասկած և կալանավորման պայմանները: Հիմնավոր կասկածի առանցքը հանդիսանում է քրեական օրենսգրքի հոդվածը, որը սահմանադրականության խնդիր ունի և այն որ Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել դատարանի դիմումը, իսկ բովանդակությունը վկայում է նրա մասին, որ 300.1 հոդվածը խնդիր ունի, այս պարագայում կալանավորումն առհասարակ չի կարող կիրառվել։ Հետևաբար իրավիճակն այս փուլում պարզապես հստակ է՝ պետք է անհապաղ նիստ գումարվի անկախ ցանկացած հանգամանքից, հավատացած եղեք, եթե մենք  եվրոպական երկրում լինեինք՝ գիշերը նիստ կգումարվեր, երբ Սահմանադրական դատարանը վարույթ էր ընդունել, ինչը նշանակում է հիմնավոր կասկածի դադարեցում, իսկ դա նշանակում է անհապաղ ազատ արձակել»,- ասաց Վարդևանյանը։