Հանրայինը 0%-ով է ծառայում հանրությանը․ պետք է փոխել ղեկավարներին․ Պասկևիչյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 23, 24News

«Հայաստանում 2018թ․ կատարված ամբողջ փոփոխությունների տրամաբանությունը ենթադրում էր, որ «Հանրային» հեռուստաընկերությունում պետք էր ազատվել այն կադրերից, որոնք տարիներ շարունակ զրկել են հանրությանը հանրային այս կարևոր գործիքից»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց գրող, հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանը, որը նաև աշխատել է «Հանրայինում»։

««Հանրայինում» փոփոխություններ պետք էր սկսել ամենավերևից՝ փոխելով ղեկավար կազմը և այն ձևավորելով մրցույթների միջոցով։ Բայց այն շարունակում է գործել Քոչարյանի ու Սարգսյանի կառուցած ճարտարապետությամբ։ Այսօր «Հանրայինը» զրո տոկոսով է ծառայում հանրությանը»,-ասաց նա։

Տիգրան Պասկևիչյանը նաև նշեց, որ ՀՀ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի ձեռամբ ստեղծված հեռուստաընկերությունը երկճյուղ մարմին է, որից մեկը լրատվական բաժինն է՝ կոչված գովերգելու իշխանությանը, իսկ մնացածը մասի նպատակը հանրությանը շեղելն է կարևորագույն խնդիրներից։

«Իշխանության կողմից այսօր ճնշում չկա հեռուստաընկերության նկատմամբ, բայց դա չի նշանակում, որ ամեն ինչ շատ լավ է։ Հանրայինը միայն զրուցարան չի, որտեղ քաղաքական գործիչները կզրուցեն, դա մի ամբողջ գործիք է։ Օրինակ սեռական բռնության մասին խոսվում է ավելի քան 10 տարի, բայց «Հանրայինը» ոչինչ չի արել։ Հրավիրել է այդ հարցով զբաղվող լրագրողին, որին ուղղված կարևոր հարցը գրանտակեր լինելն է»,-ասաց նա։