ՍԱՏՄ-ն արձագանքել է Վայոց Ձորում բրուցելոզի տարածման մասին ֆերմերի հայտարարություններին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 23, 24News

բրուցելոզ

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով բրուցելոզի տարածման վերաբերյալ ֆերմեր Տիգրան Եղոյանի հայտարարություններին։ Գրառումը՝ ստորև․  

«Թեև Վայոց Ձորի մարզում բրուցելոզի տարածման վերաբերյալ ֆերմերի Տիգրան Եղոյանի հայտարարությունները (https://a1plus.am/hy/article/344755…) Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից գրանցվել են որպես ահազանգ, և այժմ ուսումնասիրություններ են արվում, սակայն ներկայացնում եմ որոշ պարզաբանումները դրանցից մի քանիսի վերաբերյալ: Այսպես՝

1. Հայաստանում անասնաբուժական թուրքական դեղեր չեն վաճառվում:

2. Վիետնամից խոզի միս չի ներմուծվում:

3. 50% վարակվածություն երբևէ չի եղել, վերահսկողության խստացումից հետո էլ այդ թիվը 5% չի գերազանցում:

2019 թ. առաջին կիսամյակի տվյալներով՝ ստուգված խոշոր եղջերավոր 281764 գլուխ կենդանիներից միայն 1813-ի, այսինքն՝ 0,64%-ի, մոտ է հայտնաբերվել բրուցելոզ, իսկ մանր եղջերավոր կենդանիներից՝ ընդամենը 1.04%-ի (222546-ը 2318-ը): Տարվա վերջին կունենանք ավելի ամբողջական պատկեր:

4. Եղեգնաձորում կենդանու արյան փորձաքննության չի արվում:

5. Չնայած ֆերմերի ասածների մեծ մասի արժանահավատությունը խիստ կասկածելի է, այնուամենայնիվ «Ծանոթ մսավաճառի» մասին ասվածը դիտարկում ենք որպես ահազանգ։

6. Սատկած ձիու մսի մասով նույնպես ֆերմերը հստակեցնելու խնդիր ունի: Մենք նաև հարցում կանենք բոլոր մսամթերք արտադրողներին: Հուսով ենք՝ ըմբռնումով կմոտենան մեր հարցմանը և չեն դիտարկի որպես վիրավորանք:

7. Այս պահին հանրապետության ողջ տարածքում իրականացվում է մսի շուկայի վերահսկողություն (Գյումրի, Արթիկ, Կապան, Մեղրի), և այդ խնդրին տրվում է համակարգային լուծում:

8. Օգոստոսի մեկից հանրային սննդի օբյեկտներում, իսկ հունվարի 15-ից ամբողջ շուկայում վաճառվելու է բացառապես սպանդանոցային ծագման միս, ինչը հնարավորություն կտա վերահսկել թե մսի անվտանգությունը, թե սպանդի, պահպանման, տեղափոխման և այլ պայմաններ:

9. Մամուլի համար հաղորադագրություն կհրապարակենք մեր կողմից այս պահին իրականացվող ուսումնասիրության և պետական վերահսկողության միջոցառումների ավարտից հետո»: