Արագիլներն ակտիվացել են, բայց սպասում ենք փորձագիտական եզրակացության․ պաշտոնյա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 23, 24News

Հասարակություն

«Արարատի մարզի Հովտաշեն համայնքում արագիլները փոքր ինչ ակտիվացել են և արդեն կարողանում են թռչել»,- 24News-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Հայկազ Տերտերյանը՝ միաժամանակ նշելով, որ դեռևս վերջնական լաբորատոր ուսումնասիրության արդյունքները չկան։

«Դեռ չենք կարող հստակ ասել, թե հովտաշենում ինչու են արագիլները սևացել կամ ինչու են յուղոտ փետուրներով, որի հետևանքով չեն կարողանում թռչել։ Կան տարբեր վարկածներ, բայց սպասում ենք փորձագիտական եզրակացությունը։ Գործ ունենք չհսկվող կենդանիների հետ, դրա համար էլ այս պահին դեռ դժվար է պատճառը հստակ որոշել։ Բայց որ խնդիր կա, միանշանակ է, նրանք թույլ են և դժվարությամբ են թռչում»,-ասաց նա։ 

Հիշեցնենք, որ Օրեր առաջ այս կապակցությամբ հանրության ահազանգից հետո Արարատի մարզի Հովտաշեն համայնքից Տեսչական մարմնի աշխատակիցները յուղոտված փետուրներով մեկ արագիլ էր տեղափոխել ԳԱԱ Կենդանաբանության հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն ՊՈԱԿ: 
«Ֆեյսբուքյան» իր էջում այս կապակցությամբ Կենդանաբանության հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն ՊՈԱԿ-ի գիտաշխատող Լյուբա Բալյանը գրել էր, որ պարզվել է, որ առանձնյակն ամբողջությամբ պատված է եղել կեղտի ու ճենճի հաստ շերտով:  

Նշենք, որ Տեսչական մարմինն այժմ իրականացնում է Հրազդան գետի և Արարատի մարզի Հովտաշեն համայնքին հարող ցամաքուրդային ջրերի նմուշառման աշխատանքներ՝ ջրերի աղտոտվածությունը պարզելու նպատակով:

Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետը 24News-ի հետ զրույցում նաև նշեց, որ թռչունները շատ են մտնում ջրերը իրենց հովացնելու համար ու իրենց վրա անընդհատ կեղտ են վերցնում։

«Եթե ջրի մեջ ինչ-ինչ նյութեր են լինում, փետուրները չորացնում են և դժվարացնում թռիչքը»,-ասաց նա:

Հասարակություն
Հասարակություն