Խաբարովսկում վրանային ճամբարում բռնկված հրդեհի ժամանակ զոհվել է 4 երեխա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 23, 24News

1

«Վեդոմոստի»-ն գրում է, որ Ռուսաստանի Խաբարովսկի երկրամասում լեռնադահուկային հանգստավայրում տեղակայված վրանային ճամբարում հրդեհի հետևանքով զոհված երեխաների թիվը հասել է 4-ի՝ 3 աղջիկ և 1 տղա։ Կա նաև 12 տուժած՝ 5 մեծահասակ, 7 երեխա: Հրդեհի պահին ճամբարում 7-15 տարեկան 189 երեխա է եղել:

Ըստ ՌԴ ՆԳՆ-ի՝ ճամբարի տարածքում 26 վրան է եղել, 20-ն ամբողջությամբ այրվել է: Ճամբարի ղեկավար Մաքսիմ Կուզնեցովը ձերբակալվել է։ Ձերբակալվել է նաև «Էքստրիմ Սերվիս» ԲԲԸ տնօրեն Վիտալի Բուրլակովը։

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը փոխվարչապետների հետ հանդիպման ժամանակ քննադատել է Խաբարովսկի ղեկավարին, որը հայտարարել է, թե վրանային ճամբարի գոյության մասին ոչ ոք տեղյակ չի եղել։

«Իսկ ո՞վ է պարտավոր իմանալ։ Սա ի՞նչ հայտարարություն է։ Եթե ոչ ոք այդ մասին չգիտեր, նշանակում է՝ նրանք վատ են կատարում իրենց պարտականությունները։ Իսկ եթե գիտեին, ինչո՞ւ են թույլատրել»,- ասել է ՌԴ վարչապետը։

Դմիտրի Մեդվեդևը փոխվարչապետ Յուրի Տրուտնյովին հանձնարարել է բացահայտել Խաբարովսկում տեղի ունեցած ողբերգության պատճառները։