Ջավախքում մեծ շուքով նշվեցին Ջիվանու և Տերյանի օրերը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 23, 24News

Հասարակություն

Հանգստյան օրերին Ջավախք աշխարհում օդը լի էր ջիվանիական նուրբ հնչյուններով ու տերյանական քնքուշ քնարերգությամբ: Հուլիսի 20-ին Վրաստանի Ախալքալաքի շրջանի իշխանությունների նախաձեռնությամբ՝ ի դեմս քաղաքապետ Յուրա Ունանյանի և շրջանային ժողովի նախագահ Նաիրի Իրիցյանի, Կարծախ գյուղում 32-րդ անգամ նշվեց մեծ աշուղ Ջիվանու տոնը:

Հնչեցին աշուղի ստեղծագործությունները, ինչպես նաև՝ ողջույնի խոսքով հանդես եկան միջոցառմանը ներկա Վրաստանի մի քանի պաշտոնյաներ: Տոնին մասնակցում էր Վրաստանում հայազգի պատգամավոր Սամվել Մանուկյանը: Ներկա էր նաև Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանը: Միջոցառմանը հերթական անգամ իր ակտիվ մասնակցությունն էր բերել «Ջավախք» հայրենակցական-բարեգործական ՀԿ-ն՝ ի դեմս նախագահ, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանի:  

«Ջիվանիական տոնակատարության իրականացումը կարևոր է Ջիվանուն մեծարելու, նրա ստեղծագործությունները վերստին արժևորելու, նոր սերնդին հասանելի դարձնելու համար, ինչպես նաև՝ խորացնելու համար մարդկանց սերը դեպի բարձրակարգ մշակույթն ու երաժշտությունը, բանաստեղծությունն ու փիլիսոփայությունը: Եվ շատ կարևոր է, որ հայաստանյան պաշտոնական պատվիրակության կազմում մի խումբ պատգամավորներ են: Սա նշանակում է, որ Ջիվանու գնահատականը և արժևորումը ոչ միայն հանրային-հասարակական, այլև պետական ուշադրության կենտրոնում է»,-ասաց Շիրակ Թորոսյանը:

Տոնակատարությանը մասնակցում էին Հայաստանից ժամանած այլ պատգամավորներ ևս. «Իմ քայլը» խմբակցությունից Արմեն Փամբուխչյանը, Սերգեյ Մովսիսյանը, Ալեքսանդր Ավետիսյանը, Սեդրակ Թևոնյանը, Մաթևոս Ասատրյանը: Ներկա էին նաև ՀՀ կառավարությանն առընթեր տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանը, «Ջավախք» երիտասարդական միության ներկայացուցիչներ, գրողներ, հրապարակախոսներ: Հայաստանից և Վրաստանից Կարծախ էին ժամանել մի քանի ստեղծագործական խմբեր և անհատ երգիչներ:

«Ջավախք» ՀԿ-ի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ միջոցառումներին մասնակցեցին մշակույթի, հասարակական ոլորտների գործիչներ, լրագրողներ: Միջոցառման մասնակիցներն այցելեցին նաև Ջիվանու տուն-թանգարան:  Հաջորդ օրը՝ հուլիսի 21-ին, Գանձա գյուղում կայացավ տերյանական տոնը: Այն մշտապես կազմակերպում է Վրաստանի Նինոծմինդայի շրջանի ղեկավարությունը, իսկ հայաստանյան պատվիրակության մասնակցությունն ապահովում է «Ջավախք» ՀԿ-ն՝ ՀՀ կրթական գերատեսչության աջակցությամբ: Տոնակատարության մասնակիցներն այցելեցին Վահան Տերյանի տուն-թանգարան:

Ջավախքում ամեն տարի կազմակերպվող այս միջոցառումները կարևոր են հատկապես այն առումով, որ կապեր են հաստատվում հայաստանցի և վրաստանցի պաշտոնյաների, երիտասարդների, գրողների և մշակույթի գործիչների միջև:

Երկու օրվա ընթացքում միմյանց հարազատ դարձած տասնյակ հայեր ու վրաստանցիներ, ինչպես նաև՝ Վրաստանում բնակվող հայեր, հրաժեշտ տվեցին մեկմեկու՝ հաջորդ տարի ամռանը նույն միջոցառումների շրջանակում կրկին հանդիպելու ակնկալիքով:

Հասարակություն
Հասարակություն