ԵՊԲՀ գիտնականները խոշոր դրամաշնորհ են շահել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 23, 24News

.

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոն» դրամաշնորհային ծրագիրը հաղթող է ճանաչվել Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակում, որին կհատկացվի ավելի քան 600 հազար ԱՄՆ դոլար:

Ինչպես տեղեկացրին ԵՊԲՀ հասարակայնության հետ կապերի բաժնից, ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանի գլխավորությամբ գործող Նեյրոգիտության լաբորատորիայի հենքի վրա կստեղծվի գիտակրթական կենտրոն: Այն,ներառելով գիտությունը կրթության մեջ, կնպաստի համալսարանական կրթության մեջ գերիշխող ուսուցողական ուղղվածությունից դեպի հետազոտականի վերափոխման գործընթացին:

Գիտական թիմի ղեկավար, պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանի խոսքով՝ ծրագրի շրջանակում նախատեսվում է ժամանակակից և հզոր ենթակառուցվածքի ստեղծում, նեյրոգիտության նորարական հետազոտությունների զարգացում, ժամանակակից հետազոտական մեթոդների դասավանդման ու փոխանցման հմտությունների ձեռքբերում, վերապատրաստված ու բարձր որակավորմամբ մասնագետներով համալրում: «Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնի ստեղծմամբ ակնկալում ենք նոր թափ հաղորդել Ալցհեյմերի հիվանդության, աուտիզմի և կաթվածի ուղղությամբ տարվող ուսումնասիրություններին՝  բարձրացնելով դրանց որակը»,-ասել է նա՝ ընդգծելով, որ դրա արդյունքում հնարավոր կլինի մեծացնել հետազոտական ուղղվածություն ունեցող անձնակազմի տեսակարար կշիռը:

Գիտական թիմի ղեկավարը կարևորել է նաև ուսանողների ինտեգրումը գիտահետազոտական աշխատանքներին, ինչպես նաև նրանց շրջանում հետազոտական մտածելակերպի զարգացումը: «Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնի նյութատեխնիկական բազան հարթակ կծառայի ինչպես այլ բուհերի ուսանողների, այնպես էլ գիտահետազոտական կենտրոնների գիտնականների աշխատանքների համար»,- նշել է նա՝ ավելացնելով, որ այս տարի սա երկրորդ խոշոր հաղթանակն է «Հորիզոն 2020 Twinning» ծրագրի դրամաշնորհ շահելուց հետո:

Կոնստանտին Ենկոյանի խոսքով՝ միջազգայնացման գործընթացում սա լուրջ մարտահրավեր է ԵՊԲՀ-ի համար: «Մեկ-երկու տարի հետո գիտության մեջ մենք կունենանք շոշափելի ձեռքբերումներ, որոնք կարող ենք ներկայացնել աշխարհին՝ դրան զուգահեռ շարունակելով գիտության մեջ մեր կողմից տարվող աշխատանքները՝ միջազգային քարտեզում տեղորոշելով Հայաստանի դերը՝ որպես բժշկագիտության ոլորտում լուրջ ձեռքբերումներ ունեցող երկիր»,-հավելեց պրոռեկտորը՝ շեշտելով, որ Բժշկական համալսարանը որդեգրել է քաղաքականություն՝ զարգացնել ուղեղի հիմնարար հետազոտությունները՝ արդյունքում ստեղծելով ուղեղի հետազոտությունների գերազանցության կենտրոն:

Կոնստանտին Ենկոյանը հավելել է, որ նեյրոգիտության լաբորատորիայի ստեղծումը դարձավ զարգացման կորիզ՝ խթանելով երկու խոշոր դրամաշնորհային ծրագրերում ԵՊԲՀ-ի հաղթանակը:

Առաջին դրամաշնորհային ծրագիրը՝ «Հորիզոն 2020 Twinning»-ը, ինչպես կրթական, գիտական, այնպես էլ քաղաքական ձեռքբերում է Հայաստանի համար, որին լրացնելու է գալիս երկրորդ՝ «Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոն» ստեղծելու դրամաշնորհային ծրագիրը: «Դրանց մեկտեղումից՝ առաջինի դեպքում կպատրաստենք ճիշտ մեթոդաբանությամբ աշխատող կադրեր, իսկ երկրորդի արդյունքում կհամալրենք նյութատեխնիկական բազան՝ ձեռք բերելով մեծ թվով սարքավորումներ: Սկզբնական փուլում կապահովենք սովորողների հոսքը՝ ստեղծելով ուսանողական տարածք, որից հետո նրանք կսովորեն իրականացնել տարբեր հետազոտություններ»,-ավելացրեց գիտական թիմի ղեկավարը:

Գիտությունն ու կրթությունը մեկտեղելով՝ ԵՊԲՀ-ն պատրաստվում է ստեղծել նաև հարթակ, որտեղ կիրականացվեն թիրախային սեմինարներ, քննարկումներ ու հանդիպումներ: Այս նախագծի շրջանակում կիրականացվեն նաև հետազոտական հմտությունների զարգացմանն ուղղված մի շարք կրթական ծրագրեր և վերապատրաստումներ:

«Մենք շարունակելու ենք գիտության զարգացմանն ուղղված մեր ծրագրերը բոլոր ուղղություններով ՝ ձեռքբերումներին ավելացնելով նորերը»,- եզրափակել է ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանը: