Ազնավուրի անունով Երևանի մշակույթի պետական քոլեջն անվանակոչելու հարցը կքննարկվի․ ԿԳՄՍՆ

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 23, 24News

1

«Տեղեկացնում ենք, որ Մհեր Մեսրոպյանի կողմից կատարված գրառումն առ այն, որ աշխարհահռչակ շանսոնիե, ՀՀ ազգային հերոս Շառլ Ազնավուրի անունով Երևանի մշակույթի պետական քոլեջն անվանակոչելու հարցն աչքաթող է արվել ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից, չի համապատասխանում իրականությանը:

Երևանի մշակույթի պետական քոլեջի ու Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի միաձուլման հարցը գտնվում է նախարարության օրակարգում, ինչը պայմանավորված է երկու հաստատությունների՝ միևնույն շենքում գտնվելու և կրկնվող մասնագիտություններ ունենալու հանգամանքով (նախագիծը շուտով կդրվի շրջանառության)։

Այս գործընթացի ավարտից հետո միաձուլված քոլեջը մեծ շանսոնիեի անունով կոչելու հարցը նույնպես օրակարգային է նախարարության համար: Հավելեմ, որ քոլեջի անվանակոչումն իրականացվում է ոչ թե նախարարի հրամանով, ինչպես նշել էր Մհեր Մեսրոպյանը, այլ կառավարության համապատասխան որոշմամբ:

Հարկ է նշել, որ քոլեջների միաձուլման և դրա հետ կապված գործընթացների մասին տեղյակ է նաև Ազնավուրի ընտանիքը։ Տեղեկացնում եմ նաև, որ ամիսներ առաջ Քոլեջի տնօրենը գրավոր դիմել էր նախարարություն, ինչին ի պատասխան նշվել է, որ անվանափոխման հարցը կքննարկվի միավորման (միաձուլման) գործընթացում»,- գրված է ԿԳՄՍՆ հայտարարությունում։