Ողջունում ենք Ռայդ քաղաքի կողմից Ստեփանակերտի հետ բանաձևի միաձայն ընդունումը. ԱՀ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 23, 24News

.

Արցախի Հանրապետության ԱԳ նախարարությունը ողջունում է Ավստրալիայի Ռայդ քաղաքի քաղաքային խորհրդի կողմից Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի հետ բարեկամական հարաբերություններ հաստատելու մասին բանաձևի միաձայն ընդունումը, որն իրավական հիմք է ապահովում երկու քաղաքների միջև մշակույթի, կրթության, տնտեսության և այլ ոլորտներում համագործակցության հաստատման և գործնական ծրագրերի իրականացման համար:

«Հատկանշական է, որ բանաձևն ընդունվել է արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի գլխավորած Արցախի Հանրապետության պատվիրակության՝ Ավստրալիա կատարելիք այցի նախօրեին։ Այցի շրջանակներում նախատեսվում է նաև հանդիպում Ռայդի քաղաքային իշխանությունների հետ, որի ընթացքում կքննարկվեն համագործակցության հնարավորություններն ու հեռանկարային ուղղությունները:

Երախտագիտություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել Ստեփանակերտի և Ռայդի միջև ամուր բարեկամական հարաբերությունների հաստատմանն ուղղված այս նախաձեռնության իրականացման գործում»,- գրված է հայտարարությունում։