Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ախալցխայի և Սամցխե-Ջավախքի ուխտավորներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 24, 24News

Հասարակություն

Հուլիսի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Ախալցխայի և Սամցխե-Ջավախքի ուխտավորներին՝ ուղեկցությամբ Ախալցխայի հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տ. Հակոբ աբեղա Սահակյանի:

Հանդիպմանն Ամենայն Հայոց Հայրապետն իր օրհնությունն է փոխանցել ուխտավորներին՝ ընդգծելով, որ Վրաստան կատարած հովվապետական այցելության ժամանակ տեսել է ջավախահայության զորավոր հավատքը, ազգային նկարագիրը կերտելու ջանքն ու եռանդը, ինչպես նաև սերն ու նվիրումը համայն հայության հոգևոր կենտրոնի նկատմամբ: 

Վեհափառ Հայրապետը հետաքրքրվել է դեպի հայրենիք ուխտագնացությունից ստացված տպավորություններով, ինչպես նաև Ախալցխայի և տարածաշրջանի հայության հոգևոր կյանքով, առկա խնդիրներով:

Նորին Սրբությունը հորդորել է ուխտավորներին հավատարիմ մնալ իրենց նախնյաց ազգային ու հոգևոր արժեքներին: Վեհափառը հատուկ ուշադրության է արժանացրել ուխտագնացությանը երիտասարդների մասնակցության փաստը` կարևոր նկատելով, որ ճանաչեն ու հաղորդ լինեն այն սրբություններին ու արժեքներին, որոնք օգնել են հայ ժողովրդին հաղթահարել իրեն բաժին ընկած յուրաքանչյուր փորձություն:

Հանդիպմանը Նորին Սրբությունը նաև իր գնահատանքն է հայտնել Վիրահայոց թեմի հոգևոր դասին՝ իրենց առաքելությունը նախանձախնդրությամբ և նվիրումով իրականացնելու և ազգային արժեքները պահպանելու համար:

Վերջում Հայոց Հայրապետը ուխտավորներին մաղթել է, որ Աստված նորոգի նրանց ուխտը՝ մշտապես պահելով Իր սիրո և խնամքի ներքո: