Ռուսաստանը երբեք չի ցանկացել հարաբերությունները վատթարացնել Վրաստանի հետ. Լավրով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 24, 24News

Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ լատինամերիկյան ԶԼՄ-ներին և «RT»  հեռուստաալիքին տված հարցազրույցի շրջանակում հայտարարել է, որ Մոսկվան երբեք չի ցանկացել իր հարաբերությունները վատացնել Թբիլիսիի հետ, և որ Ռուսաստանում ոչ մի բացասական վերաբերմունք չկա վրաց ժողովրդի նկատմամբ: 

«Երբեք չենք ձգտել մեր հարաբերությունները վատթարացնել Վրաստանի հետ: Հենց վրացական ղեկավարությունն էր, որ Միխեիլ Սահակաշվիլիի օրոք խզեց դիվանագիտական հարաբերությունը, և ամեն կերպ փորձում էր սահմանափակել մեր տնտեսական փոխգործակցությունը։

Վրաստանում նյութական բարիքներ արտադրող ցանկացած ոք կհիշի՝ որքան սերտ են եղել մեր առևտրային և ներդրումային կապերը: Այժմ առևտուրը վերականգնվել է: Չեմ կարծում, թե որևէ մեկը դժգոհ է այդ առիթով»,- հայտնել է Լավրովը, ապա նշել, որ  բացասական և կողմնակալ վերաբերմունք չկա վրաց ժողովրդի հանդեպ, ընդհակառակը,  դարեր շարունակ միասին ապրելով, ակնածանքով են վերաբերվում միմյանց մշակույթերին և սովորույթների հանդեպ։

Ռուս-վրացական հարաբերություններում վերջին սրացումը նկատվել էր հունիսի 20-ից հետո, երբ ՌԴ Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը, որը ներկա էր եղել Վրաստանում անցկացվող Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նիստին, նստել էր խորհրդարանի խոսնակի աթոռին և հավաքվածներին ռուսերենով ուղերձ հղել: Դրանից հետո մայրաքաղաք Թբիլիսիում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել։ Իսկ «Ռուսթավի 2» հեռուստաըներության լրագրող Գեորգի Գաբունիան եթերում հայհոյել էր Պուտինին։