«Մեր անունը սևացնում են միջազգային ասպարեզում»․ Բռնցքամարտի ֆեդերացիան հեռացվեց ՀԱՕԿ-ից

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 24, 24News

1

Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիա հասարակական կազմակերպությունը ՀԱՕԿ-ի արտահերթ գլխավոր ասամբլեայի ընթացքում հեռացվեց Օլիմպական կոմիտեի անդամակցությունից:

Ասամբլեային ներկա ՀԱՕԿ 64 անդամներից 2-ը ձեռնպահ քվեարկեցին, 1-ը չմասնակցեց քվեարկությանը, իսկ մնացածը կողմ քվեարկեցին:

«ժամանակն է՝  շուրջ մեկ տարի արծարծվող այս հարցին վերջապես լուծում տալու համար»․- իր խոսքում նշեց ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը՝ նկատելով, որ բռնցքամարտի ֆեդերացիա ՀԿ-ին ՀԱՕԿ-ի անդամակցությունից հեռացնելու որոշմանը նպաստել են ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանի կողմից մի շարք խախտումները, անօրինությունները, ինչպես նաև ՀԱՕԿ-ի հեղինակությանը հարված հասցնելը.

«Բացի այն, որ ՀՀ-ում երևի տեղ չէր մնացել, որ նամակ գրած չլինեն, ցավոք մեր անունը սևացնում են նաև միջազգային ասպարեզում: Անգամ Մինսկից առաջ ՄՕԿ-ից ստանում ենք նամակ, թե իբր անձամբ ես ահաբեկել եմ բոլոր մարզիչներին, մարզիկներին, իմ դեմ ցույցեր են անցկացվում, տասնյակ հազարավոր մարդիկ փողոց են դուրս եկել իմ դեմ: Զեկույցս կառուցել եմ իրավական հիմքերի վրա, բարոյականը Աստված կդատի»,- ասաց Հրաչյա Ռոստոմյանը՝ հավելելով, որ բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիա ՀԿ-ին ժամանակավորապես ՀԱՕԿ-ի կազմի մեջ ընդգրկելով՝ իրենք կկարողանան լավագույնս պատրաստվել Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերին․

«ՀԱՕԿ-ի համար բռնցքամարտում գոյություն չունեն ֆեդերացիաներ: Մեզ համար գոյություն ունեն մարզիկներ ու մարզիչներ. անկախ նրանից, թե որ ֆեդերացիան են ներկայացնում, նրանք ՀԱՕԿ-ի ընտանիքի անդամ են: Մինսկը ձեզ ապացույց: Ոչ մեկին չենք հեռացրել: Հակառակը, ամեն ինչ արել ենք՝ միավորելու համար:

Մինչև 2020 թականը որևէ մարզչական փոփոխություն չի լինելու: Այն մարզիչները, ովքեր արդյունք ցույց կտան, կշարունակեն աշխատել: Իմ խորին համոզմամբ, մեր կռիվը Հայաստանում չէ՝ որևէ ասպարեզում: Մեր կռիվը միջազգային ասպարեզում ՀՀ-ի դրոշի համար պայքարելն է: Մարզիչները, մարզիկները խնդիր չեն ունենա: Ով արժանի կլինի, նա էլ կգտնի իր տեղը: Որևէ խտրականություն չի լինելու: Այսքան չարչարանքը, խնդիրները կմիավորեն բռնցքամարտի ներկայացուցիչներին»,- հավաստիացրեց Հրաչյա Ռոստոմյանը:

Նա տեղեկացրեց, որ ապրիլ ամսից՝ նախարարության կողմից բռնցքամարտի ֆեդերացիայի ֆինանսավորման դադարումից հետո ՀԱՕԿ-ն է հոգացել բոլոր ծախսերը՝ կապված հավաքների, մրցաշարերի մեկնելու և այլնի հետ․

«Մեզ ֆինանսով վախեցնելը մեծ ապագա չունեցող գործիք է: Ամեն ինչ կանենք սպորտի, և մասնավորապես բռնցքամարտի զարգացման համար»։

 

Նշենք, որ Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիային քվեարկությամբ ժամանակավորապես անդամակցեցին ՀԱՕԿ-ին: