Մասիվցի Անդիկի սպանության գործով խուզարկվել է Արտյոմ Կանևսկոյի բնակարանը․ «ՀԺ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 24, 24News

Անդիկ

«Օրենքով գող» Մասիվցի Անդիկ մականունով հայտնի Անդրանիկ Հարությունյանի սպանության դեպքի փաստով հարուցված քրգործի շրջանակում օրերս խուզարկել են քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյի (Արտյոմ Հարությունով) բնակարանը: Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատել Կանևսկոյը:

Իրավապահները Կանևսկոյի բնակարանը խուզարկել են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ: Նրա պաշտպան Վարդուհի Էլբակյանը աղբյուրին հայտնել է, թե դատարանի որոշման մեջ նշվել է՝ Հարությունովի բնակության վայրում կարող են պահված լինել Մուրադյանի, Հովհաննիսյանի եւ Արզումանյանի կողմից ենթադրաբար նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք բերված զենքը եւ ռազմամթերքը:

«Հարությունովը ընդհանրապես նրանց չէր ճանաչում, որեւէ կապ, առնչություն երբեւէ իրենց հետ չէր ունեցել, որեւէ հեռախոսային խոսակցություն չէր եղել: Իրար հետ կապող որեւէ բան չկար»,- ասել է էլբակյանը՝ հավելելով, որ վերը նշված անձինք հեռախոսային խոսակցություն են ունեցել, գաղտնալսվել են, որի ժամանակ խոսել են զենք-զինամթերքի մասին:

Վարդուհի Էլբակյանը նաև ասել է, որ բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել են Կանևսկոյի ազգականի օրինական զենքերը: Խուզարկությունից հետո Արտյոմ Կանևսկոյը հրավիրվել է ոստիկանության 6-րդ վարչություն, որտեղ բացատրություն է տվել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մասիվցի Անդիկի սպանության գործի շրջանակում բերման էին ենթարկվել Հայաստանում գտնվող «օրենքով գողերը», խուզարկվել են մի քանի բնակարաններ։  

Մասիվցի Անդիկը սպանվել է 2019 թվականի հուլիսի 2-ին՝ ուշ երեկոյան, իր տան բակում։ Համացանցում տարածվել են սպանության կադրերը, որտեղ երեւում է, որ դեպքի ժամանակ Մասիվցի Անդիկը նարդի խաղալիս է եղել։ «Օրենքով գողին» ստացել էր հրազենային 4 վնասվածք, որոնցից մեկը՝ դեմքին: