Հակոբ Արշակյանն Իրանում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 24, 24News

1

Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառման ժամանակ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի թեմական խորհրդի նախագահ Նորայր Արամյանի, Իրան-Հայաստան առևտրի պալատի նախագահ Հերվիկ Յարիջանյանի, պալատի խորհրդի անդամների, համայնքային մարմինների մի շարք ներկայացուցիչների, ինչպես նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտի հայազգի մի շարք գործարարների և մասնագետների հետ:

Հանդիպման ընթացքում Հակոբ Արշակյանը ներկայացրել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ կառավարության տեսլականը, նորաստեղծ նախարարության առաջնահերթություններն ու իրականացվող ծրագրերը: Նախարարը հատկապես կարևորել է ստարտափ էկոհամակարգի զարգացման ուղղությամբ իրականացվող գործունեությունը։

Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ Հայաստանն ունի շատ տաղանդավոր մասնագետներ՝ մաթեմատիկայի, աստղաֆիզիկայի, արհեստական բանականության, միկրոէլեկտրոնիկայի, տեխնոլոգիական մյուս բնագավառներում, որոնք իրենց գիտելիքներով և փորձով կարող են մրցունակ լինել միջազգային ցանկացած շուկայում։

Նախարարը խոսել է նաև Հայաստան-Սփյուռք կապերի խորացման ուղղությամբ ՀՀ կառավարության նոր մոտեցումների և առաջիկա ծրագրերի մասին։