Ռեկտորը դատի է տվել ԵՊՀ-ին. և՛ պատասխանողը, և՛ հայցվորը նույն մարդն է՝ ռեկտորը․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 24, 24News

Արամ

«Հրապարակ» թերթը գրում է. «ԵՊՀ պատմության մեջ ուշագրավ «նոու-հաու» է գրանցվել. համալսարանի 100-ամյա պատմության մեջ առաջին անգամ ռեկտորը դատի է տվել համալսարանին: Ամիսներ առաջ պրոռեկտոր Գեղամ Գևորգյանն Արամ Սիմոնյանի հրամանով ազատվել էր աշխատանքից և դատի տվել համալսարանին` աշխատանքի վերականգնվելու և հարկադիր պարապուրդի, ինչպես նաև փաստաբանական ծախսերի գումարը ստանալու պահանջով՝ տեղեկանում ենք «Դատալեքս» կայքից: Հունիսին, երբ Գեղամ Գևորգյանն արդեն ռեկտորի ԺՊ էր, դատարանը հետ էր ուղարկել հայցը` անճշտությունների պատճառով, Գ. Գևորգյանը համալսարանի դեմ հայցը, արդեն որպես ԺՊ, կրկին հետ էր ուղարկել դատարան, և հիմա, փաստացի, դատարանում և՛ պատասխանողը, և՛ հայցվորն ինքն է։

«Գեղամ Գևորգյանը երևի չի հավատում, որ մնալու է ռեկտորի պաշտոնում, քանզի պետք է ռեկտոր դառնա Հովհաննես Հովհաննիսյանը, փորձում է պրոռեկտորի աթոռը պահել և համալսարանից ստանալ մի քանի միլիոնի հասնող գումար»,- ասաց ԵՊՀ մեր աղբյուրը: Գեղամ Գևորգյանը, ինչպես միշտ, չպատասխանեց հեռախոսազանգերին:

ԵՊՀ-ից ասացին, որ նա արձակուրդում է` մեկնել է Իսպանիա, ինչի իրավունքը, ի դեպ, չունի, քանի որ ընդամենը երկու ամիս է ռեկտորի պաշտոնակատար, և աշխատանքային 6 ամիսը դեռ չի լրացել:

ԵՊՀ մամլո խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը հաստատեց, որ Գ․ Գևորգյանն արձակուրդում է։ Իսկ նա իրավունք ունե՞ր արձակուրդ գնալու։ Ասաց. «Նա պրոֆեսոր է և օգտվել է իր 35 աշխատանքային օրվա արձակուրդից»»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: