Մինչ աշխարհը զբաղված էր ԻՊ-ով՝ «Ալ-Քաիդա»-ն հզորացել է. ԱՄՆ պետքարտուղարություն

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 25, 24News

1

Վերջին հինգ տարիներին, մինչ համաշխարհային հանրությունը կենտրոնացել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի ուղղությամբ, «Ալ-Քաիդա»-ն ամրապնդել է ներուժը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նման կարծիք է հայտնել ԱՄՆ պետքարտուղարության ահաբեկչության դեմ պայքարի հարցերի համակարգող Նեյթան Սեյլսը:

««Ալ-Քաիդա»-ն աստիճանաբար ամրապնդել է հնարավորությունները, որպեսզի նորից հայտարարի իր գոյության մասին՝ որպես ջիհադական շարժման գաղափարական առաջամարտիկ»,- ասված է Սեյլսի գրավոր հայտարարությունում, որը պատրաստվել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ենթակոմիտեներից մեկի լսումների համար:

Նեյթան Սեյլսը նշել է, որ այսօր «Ալ-Քաիդա»-ն ավելի շատ անդամ ունի, քան 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների ժամանակ, և կազմակերպությունը շարունակում է օգտագործել հակամարտությունների գոտիներն ու անվտանգության համակարգերում թույլ կետերը՝ «հարձակումների ֆինանսավորման և ծրագրման, ինչպես նաև նոր անդամների հավաքագրելու համար»: Պետքարտուղարության ներկայացուցիչը, միաժամանակ, նշել է, որ ԻՊ-ն շարունակում է գլոբալ սպառնալիք մնալ, որը կարող է ահաբեկչություններ իրականացնել ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների դեմ: