Բորիս Ջոնսոնն Օսմանյան կայսրությունում գործունեություն ծավալած Ալի Քեմալի թոռն է. Փայլան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 24, 24News

Կարո

«Ermenihaber»-ը գրում է, որ Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» (ԺԴԿ-HDP) կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը թվիթերյան միկրոբլոգում ուշագրավ գրառում է արել Մեծ Բրիտանիայի նորընտիր վարչապետ Բորիս Ջոնսոնի մասին: 

«Մեծ Բրիտանիայի նորընտիր վարչապետ Բորիս Ջոնսոնը Օսմանյան կայսրությունում գործունեություն ծավալած Ալի Քեմալի թոռն է։ Ալի Քեմալը լրագրող էր և քաղաքական գործիչ, որը ընդդիմանում էր Աբդուլ Համիդ 2-րդի բռնակալության և երիտթուրքերի քաղաքականության դեմ։ Նա ասում էր, որ երիտթուրքերը երկիրը կանգնեցնում են աղետի առաջ և նա իրավացի դուրս եկավ։ Ալի Քեմալը դեմ էր նաև հայերի տեղահանության որոշմանը», – գրել է Փայլանը, ապա հավելել, որ Մեծ Բրիտանիայի վարչապետի պապը դարձավ Օսմանյան կայսրության ներքին գործերի նախարար, վերջինս պայքարեց, որ Հայոց ցեղասպանության մեղավորները դատարանի առջև կանգնեն։

«Անգլիացիաների և Անկարայի կառավարության միջև ստորագրված գաղտնի համաձայնագրով Մալթայում գտնվող իթթիհադականները վերադարձան Անկարա ու այդպես էլ պատասխանատվության չենթարկվեցին կատարած ցեղասպանության համար։ Իսկ Ալի Քեմալը որակվեց որպես դավաճան։ Նա Իզմիթում, լինչի դատաստանի ենթարկվելով, սպանվեց։ Նա խիղճ ունեցող քաղաքական գործիչ էր։ Պահանջում էր, որ հաշիվ տրվի  Հայոց ցեղասպանության պես մեծ հանցագործության համար։ Եթե հաջողության հասներ, կազատվեր ցեղասպան և բռնարար ավանդույթներով պետությունից։ Հանցագործությունն անպատիժ մնաց, կրկնվեց և կրկնվում է։ Ալի Քեմալը թող հանգչի խաղաղությամբ»,-ասել է Փայլանը։