ԲՀԿ-ն առաջարկում է հանդիպակաց գոտի դուրս գալու համար 30 000-ի փոխարեն տուգանել 150 000-ով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 24, 24News

գոտի

ԲՀԿ-ն առաջարկում է վարորդների կողմից հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալու համար նախկին 30 000-ի փոխարեն նախատեսել 150 000 դրամի տուգանք։ Այս առնչությամբ ԲՀԿ խմբակցության անդամ, ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ ԲՀԿ-ն օրենսդրական նախաձեռնությամբ հանդես կգա։

«Հատկապես վերջին շրջանում ավելի շատ ենք տեղեկանում ավտովթարների հետեւանքով մահվան ելքով պատահարների մասին։ Խնդիրը պահանջում է շտապ օրենսդրական եւ կանխարգելող քայլեր։

Այսօր մեր նախաձեռնությամբ շրջանառության մեջ դրեցինք Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը։

Նախագծով առաջարկվում է տրանսպորտային միջոցների վարորդների կողմից հանդիպակաց երթեւեկության գոտի դուրս գալու համար նախատեսել տուգանք՝ 150.000 ՀՀ դրամի չափով։ Փորձը ցույց է տալիս, որ ներկայումս գործող տուգանքը՝ 30 000 ՀՀ դրամ, բավարար չափով զսպող ուժ չունի եւ չի նպաստում նման խախտումների թվի նվազմանը:

Հանդիպակաց երթեւեկության գոտի դուրս գալու համար պատասխանատվության զգալի խստացումը կնպաստի այդ՝ ամենավտանգավոր եւ ամենամահաբեր խախտումներից մեկի թվի զգալի նվազեցմանն ու կանխարգելմանը»,-նշված է տարածված հաղորդագրության մեջ: