Վլադիմիր Կարապետյանը հերքում է Թբիլիսիում և Երևանում ռեստորաններ ունենալու մասին լուրը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 26, 24News

1

Իրականությանը չի համապատասխանում «Իրատես» թերթում հրապարակված լուրը, ըստ որի՝ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը Թբիլիսիում և Երեւանում ռեստորաններ ունի: Այդ մասին պարզաբանում է տարածել վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

«ՀՀ վարչապետի աշխատակազմն անթույլատրելի է համարում այս հրապարակման մեջ տեղ գտած ոչ ճիշտ պնդումը»,-ասված է պարզաբանման մեջ:

Ավելի վաղ, հղում անելով «Իրատես» թերթին, գրել էինք․ «Կառավարությունը շատ է հպարտանում, որ իր թիմում գործարարներ չկան, բոլորը աշխատավարձի հույսին են, դրա համար էլ պարգևատրում են, որպեսզի մարդիկ լավ աշխատեն։ Սակայն «ծպտյալ» գործարարների պակաս, այդուհանդերձ, կառավարությունը չունի։

Մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը և՛ Թբիլիսիում, և՛ Երևանում ռեստորաններ ունի, ընդ որում, Վրաստանի մայրաքաղաքի Ռուսթավելի փողոցում՝ երկու ռեստորան։ «Լավ էլ հաց են տալիս էնտեղ»,- գոհունակությամբ նշեց մեր զրուցակիցը։

Ի դեպ, Վրաստանի հետ կապը պատահական չէ, Վլադիմիր Կարապետյանը 2001-2004 թթ. Վրաստանում ՀՀ դեսպանատանն աշխատել է որպես խորհրդական»: