Հերմաֆրոդիտների կղզին

ԵՐԵՎԱՆՀՈՒLԻՍԻ 27, 24News

խխունջ
«Թող նրանց մոլուցքները Ձեզ վրա չազդեն». Եկատերինա Մեդիչիի նամակից Հենրի III - ին
 

Կիսատությունը թերություն է, որը չլրացվելու դեպքում բերում է ես - ի լիարժեքության չգոյության գիտակցմանը: Եվ քիչ թե շատ բանականության փշուրներ ունեցողի համար փաստի ջախջախելիությունն ակնհայտություն է: Սակայն կա սրա հակառակ կողմի լինելիությունը` երկդիմիների տեսակը, երբ մեկի տեղը երկու հատ ես, բայց կիսատ: Քաղաքականության մեջ հերմաֆրոդիտությունը վատից վատագույնն է, որի հետ հատակին ապրում է միայն բիսեքսուալությունը: Առաջինն ի սկզբանե է և անփոփոխ, երկրորդը` ձեռքբերովի ու համառ: Առաջինն աննպատակ, իսկ մյուսը` խիստ ուղորդված և ուղորդող: Հերմաֆրոդիտ վիճակից անցումն անխուսափելիորեն լինում է բիսեքսուալ քաղաքականությանը: Խնդիրը գաղտնիության շրջանն է:

Այսօրվա քաղաքական մակերեսը հիշեցնում է այն կղզին, որտեղ ակտիվության գործընթացներն ավելի ինքնանպատակ են, քան նպատակային, անօրակարգ են և ոչ ծրագրային: Իշխանափոխություն իրականացրած ուժն այլևս տալու բան չունի, որովհետև

1) Նիկոլ Փաշինյանի առաքելությունն էր տապալել նախկին սպառված վարչակազմը:

2) Փաշինյանի թիմը խաղում է իր լիդերի համար, այսինքն՝ չկան ներքին ֆրակցիաներ ուրեմն չկա փաստերի նկատմամբ կասկած, դիալոգ, բանավեճ:

3) Իշխանափոխական իշխանությունը, պահպանելով մակերեսային ազնվությունը և սոցիալական արդարությունը (որոնք անհրաժեշտություն են), ավելի խորը գործընթացների ստեղծմանն ու զարգացմանը ընդունակ չէ (չի վերաբացվում հոկտեմբերի 27-ի գործը, աշխատանքներ չեն տարվում Վանո Սիրադեղյանի քաղաքական հեդապնդման և վերադարձի հետ կապված, լակմուսի թղթեր, որոնց հավատում ու անընդհատ բարձրաձայնում էր Փաշինյանը նախկինում, չի տրվում քոչարյանիզմին պատմական գնահատական և անցած ռեժիմների կլանային գոյության քաղաքական ու իրավական պատասխանը` ՀՀ առաջին նախագահ Տեր-Պետրոսյանի ասած մոնղոլ-թաթարական քրեաօլիգարխիան): Առանց այս ֆունդամենտալ աշխատանքի սկիզբն օդում կախված է մնում:

Ընդդիմության մասին. դե ֆակտո չկա

1) Ռոբերտ Քոչարյանը (հակադաշտի ակնհայտ գործողներից ամենախոշոր ու ազդեցիկ դեմքը) խոստովանում է, որ մտադիր չէր ակտիվ քաղաքականություն վերադառնալու, բայց ստիպված էր: Այսինքն՝ Քոչարյանը գտնվում է հանգամանքների բերումի մեջ և ոչ թե վերադառնալու վաղուց ունեցած նպատակի: Նրա հաշվարկները կառուցվում են ցանկությունների վրա՝ ապակայունացում, ճգնաժամ, շերտավորված ու երկարատև վրեժ: Երկրորդ նախագահը լիարժեքորեն չի ադապտացվում նոր իրականությանը և մեկ տարվա ընթացքում չի նախապատրաստել քաղաքական հարթակը, որի վրա պիտի կանգնի: Նա սպասում է ուրիշ բանի:

2) Կուսակցությունները որոնք նախկին իշխանության մեջ մեծ ու փոքր են եղել չունեն համակարգային պլան և քննադատությունից բացի՝ որևէ այլ առաջարկ:

3) Նոր ստեղծվածները կամ հայտարարածները դեռ ոչ մի բան են որպես միավորներ և քիչ թե շատ հետաքրքիր են ինչպես անձեր:

Չկան խաղի կանոներ, չկան Հայաստանի ռեգիոնալ ազդեցության մեծացման և համաշխարհային դիմադրողականության բարձրացման գաղափարներ, ծրագրեր:

Իներցիոն փուլում գտնվող իշխանությունը և վաղուց սպառված նախկին իշխանությունը երևակայություն չունեն և, իրենց ինքնագիտակցականից ելնելով, չեն պատրաստվում ոչ ստանդարտ ու հետաքրքիր քայլերի: Տեսակի հարց է: Եվ եթե չենք ուզում, որ ուժերի լարման ժամանակ բախումը (Իջևանը վկա, երբ միլպետի գործը հանրապետության ոստիկանապետն ու ԱԱԾ պետն արեցին) լինի երկու ճամբարների միջև ու ակտիվներով ստիպված միանանք սրան կամ նրան, ապա ազատ կամքի հիման վրա պետք է ստեղծել ու բացել երրորդ գիծը (ապա ճակատը)` խիստ պետականամետ, ազգային գաղափարախոսությունը որպես միայն պետության շահ հասկացող ու ընդունող, յուրաքանչյուր ազգային և կուսակցական գաղափարաբանություն ինքնիշխան պետության պահպանմանը և հզորացմանը ստորադասող: Երրորդ ուժի առաջ գալը թարմ արյունով կկասեցնի իներցիոն վարչական լճացումը և սպառված քաղաքականության դրսևորումները:

Ռուբեն Վարդանյան, պատմաբան