Վանոն չի մահացել և պիտի վերադառնա Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐ, 24News

Thumbnail

Սեպտեմբերի 27-ին համացանցում տարածվեց մի տեղեկատվություն, թե Ներքին գործերի նախկին նախարար, Երևանի նախկին քաղաքապետ Վանո Սիրադեղյանը մահացել է։ Այս տեղեկատվությունը շատ արագ հերքվեց, սակայն հասցրեց բավական մեծ հուզումներ առաջացնել Սիրադեղյանին ճանաչողների, նրա ընկերների, և, վերջապես, նրա գրչի հետևորդների մոտ։ Եվ տեղի ունեցած թյուրիմացությունը եկավ ևս մեկ անգամ հաստատելու, որ Սիրադեղյանը պետք է վերադառնա Հայաստան, և այս հարցում մեծագույն խնդիր ունի լուծելու գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Տարիների քաղաքական վտարանդին

Վանոյի մասին ինչ լեգենդ ասես, որ չեն պատմել ու պատմում մինչև այսօր։ 90-ականների դաժան պատմություններ, իբր թե պատվիրված սպանություններ ու այլ նմանատիպ վախենալու լեգենդներ, որոնցից զուտ չոր հաշվարկով մնացել է մի քրեական գործ ու ընդամենը մեկ ցուցմունք, որի հետևանքով էլ ուղիղ 18 տարի Սիրադեղյանը գտնվում է օտարության մեջ։ Պարզ է, որ Հայաստանի մեկը մյուսին հաջորդող իշխանություններն առանձնապես ջանք չէին թափում Սիրադեղյանին գտնելու և Հայաստան վերադարձնելու համար թեկուզ և այն պատճառով, որ վախենում էին նրանից։ Վանոյի գրիչը մեկ զարկով կարող էր գետնին հավասարացնել առանց այդ էլ ճահճացած ու բազում մեղքերի մեջ մինչև ականջները խրված նախկին իշխանություններին։ Ու հենց դա էր պատճառը, որ իշխանությունները Վանոյին չէին փնտրում, իսկ վերջինս էլ, կարծես հաշտված իր ճակատագրի հետ, մնացել է օտարության մեջ։ 

Նիկոլ Փաշինյանի Վանոյական կենսագրությունը

Համացանցում իրենց ճղող շատ նորաթուխ հեղափոխականներ չեն էլ կարող հիշել կամ գլխի ընկնել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական կենսագրության, և, ընդհանրապես, արժեհամակարգի վրա շատ է ազդել նույն Վանո Սիրադեղյանի կերպարը։ Լրագրող Նիկոլ Փաշինյանի լավագույն հոդվածները հենց Վանոյի մասին են, խմբագիր Նիկոլ Փաշինյանի թերթում տպագրվող Ավետիս Հարությունյանը նույն ինքը Վանո Սիրադեղյանն էր։ Քանի անգամ է Նիկոլն ասել, որ Վանոյի դեմ սարքած գործը քաղաքական հրահանգի արդյունք էր, որ տրվել է ուղիղ Ռոբերտ Քոչարյանի կողմից։ Եվ քանի անգամ է նա հայտարարել, որ Վանոն պետք է վերադառնա։ 

Վանոն պետք է վերադառնա

Ոչ ոք, անգամ Վանոյի ամենամտերիմ ընկերները չեն կարող վստահ պնդել, որ Սիրադեղյանը ցանկանում է վերադառնալ Հայաստան։ 18 տարի է անցել նրա գնալուց, և, հնարավոր է, որ ինքը՝ Վանոն, այլևս ցանկություն չունենա հետ գալու, սակայն դա բացարձակապես չի նշանակում, որ Սիրադեղյանի վերադարձի քաղաքական հարցը չպետք է լուծվի օրվա իշխանությունների կողմից։ Արդարությունը պետք է վերականգնվի՝ իշխանությունները պետք է հայտարարեն Սիրադեղյանի վերադարձի խոչընդոտների վերացման մասին, իսկ մնացյալն այլևս թող ինքը՝ 20-րդ դարի վերջի հայ լավագույն գրիչներից մեկը՝ բանաստեղծ Վանոն և պետական գործիչ Վանո Սիրադեղյանը որոշի։ 

Նարեկ Գալստյան