Հայաստանում Վարդավառ է. տոնի ո՞ր ավանդույթներն են պահպանվել ցայսօր

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 28, 24News.am

1

Վարդավառը Հայ Առաքելական եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Այն շարժական տոն է, այս տարի նշվում է հուլիսի 28-ին: Վարդավառը նշվում է Զատիկից 98 օր հետո՝ հունիսի 28-ից մինչև օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում: Այն ժողովրդի գլխավոր ու սիրելի տոներից մեկն է, որպես կանոն, ուղեկիցվում է ավանդական երգ ու պարով:

1

Տոնի մեկնարկը տրվում է վաղ առավոտյան՝ իրար վրա ջուր լցնելով: Տարիքը, սեռը, հասարակական դիրքը Վարդավառին կարևոր չեն: Ջրվելու դեպքում դժգոհել կամ վիրավորվել չի կարելի, քանի որ համարվում է, որ այդ օրը ջուրը բուժական հատկություն ունի:

1

Այս տարի Վարդավառի մեկնարկը տրվեց Ազգային ժողովի բակից: Բաղրամյան պողոտայում անցորդներն ու ջրոցի խաղալու ցանկություն ունեցողները հայկական գորգեր լվացին: Գորգ լվալու նախաձեռնությանը նախատեսվում էր, որ պետք է մասնակցեին նաև ԱԺ պատգամավորները, սակայն չմիացան:

1

Վարդավառն այլ կերպ անվանում են նաև Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոն: Համաձայն Աստվածաշնչի՝ Քրիստոսն իր քարոզչական գործունեության երրորդ տարվա ամռանը՝ մահվան և հարության մասին առաքյալներին հայտնած կանխասացությունից 6 օր հետո, Պետրոս, Հակոբոս և Հովհաննես առաքյալների հետ բարձրանում է Թաբոր լեռը՝ աղոթելու: Աղոթքի պահին Հիսուսը նրանց առաջ պայծառակերպվում և այլակերպվում է. «Դեմքը փայլեց ինչպես արեգակը և նրա զգեստները դարձան սպիտակ՝ ինչպես լույսը» (Մատթ. 17.2, որպես համեմատություն՝ Մարկ. 9.2, Ղուկ. 9.29): Աշակերտների ապշած աչքերի առջև Քրիստոսը խոսում է շուրջ հազար տարի առաջ վախճանված Մովսեսի և հրեղեն կառքով երկինք համբարձված Եղիա մարգարեի հետ:Շուտով մի ամպ հովանի է լինում իրենց, և մի ձայն ամպի միջից ասում է. «Դա է իմ սիրելի Որդին, դրան լսեցեք» (Մարկ. 9.6, համեմատության համար՝ Մատթ. 17.5, Ղուկ. 9.35):

1

Որոշ աստվածաբաններ Վարդավառի տոնը կապում են Ջրհեղեղի և Նոյի՝ տապանից իջնելու հետ՝ միմյանց վրա ջուր ցանելը, աղավնի բաց թողնելը դիտելով իբրև ջրհեղեղն ու նրանից ազատվելը հիշատակող կամ խորհրդաբանող արարողություն:

1

Վարկածներից մեկի համաձայն՝ Վարդավառ (կամ Վարդամատն) տոնի անվանումը ծագում է «վարդ» բառից ու նշանակում է «վարդեր շաղ տալ»: Նախաքրիստոնեական Հայաստանում Վարդավառը կապակցում էին սիրո ու գեղեցկության աստվածուհի Աստղիկի ու նրա և Վահագն աստծու միջև սիրո հետ: Նվիրելով վարդեր ու թափելով վարդի ջուր՝ Աստղիկը սեր էր սերմանում ամբողջ հայոց հողի վրա, իսկ Վահանգն աստվածը, որը միշտ պայքարում էր չարիքի դեմ, պաշտպանում ու պահպանում էր այդ սերը:

1

Կա նաև մեկ այլ ավանդույթ: Մի անգամ Աստղիկը, լսելով, որ սիրեցյալը՝ Վահագնը, վիրավորված է, անքան է շտապել տեսնելու նրան, որ ոտաբոբիկ է ճանապարհ ընկել, և չնկատելով շուրջը ոչինչ, ոտքերը վնասել է վարդի թփերով: Նրա արյունից ծաղիկները կարմրել են: Այդպես էլ կարմիր վարդը դարձել է սիրո խորհրդանիշ:

1

Մեկ այլ վարկածով «Վարդավառ» բառը բաղկացած է «վարդ» ( ուարդ)՝ ջուր և «վար» (լվանալ, լցնել) բառերից, եւ նշանակում է ջուր ցանել, ինչն էլ հենց տոնի իմաստն է: Ըստ մեզ հասած հին ավանդույթի՝ աշխարհում ապրում էր մի հարուստ մարդ, որը պահանջում էր, որ իրեն պատկանող ջրի գործածման համար դեռատի գեղեցկուհիներին իրեն ստրկության տան: Քաջ պատանի Վարդանը հաղթել է չարագործին ու ազատել աղջիկներին: Ի հիշատակ Վարդանի՝ այդ օրն ընդունված է ջուր լցնել իրար վրա:

1

Վարդավառի տոնախմբությունները ժամանակին նման էին ամանորի՝ նավասարդյան տոնահանդեսներին: Օրվա հետ կապված մի շարք ավանդույթներ ցայսօր էլ պահպանվել են: Օրինակ, Վարդավառին մարդիկ իրար վարդեր էին նվիրում, իսկ սիրահարված պատանիներն աղավնիներ էին երկինք բաց թողնում: Եթե աղավնին 3 անգամ պտտվում էր տղայի սիրելի աղջկա տան կտուրի վրայով, աշնանը նրան ամուսնացնում էին:

1

Վարդավառին կազմակերպվում էինք ուխտագնացություններ, զոհաբերություններ, գիշերային հավաքներ; Մարդիկ այդ օրը եկեղեցի հասկեր էին տանում՝ օրհնելու և խնդրելու, որ դաշտերը կարկուտից ու մորեխից անվնաս մնան, քանի որ Վարդավառը համընկնում էր դաշտերում հասունացած հացահատիկների հավաքի ժամանակաշրջանի հետ: Վարդավառին, սովորույթի համաձայն, ուտում էին նաև տարվա առաջին խնձորը: 

1