Ռոբերտ Քոչարյանի և 3 նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործը կքննի այլ դատավոր

ԵՐԵՎԱՆՀՈՒLԻՍԻ 29, 24News

Քոչարյան

Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին բարձրաստիճան պաշտոնյաների՝ Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի գործը կքննի այլ դատավոր։ Լիազորությունները կասեցված Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի վարույթում գտնվող բոլոր գործերը հանձնվելու են գրասենյակ, և դրանք համակարգչային ծրագրի միջոցով վերաբաշխվելու են։ Այդ մասին 24News-ի հետ զրույցում տեղեկացրին Դատական դեպարտամենտից։ 

Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 27-ին Բարձրագույն դատական խորհուրդը բավարարել է դատախազության միջնորդությունը` քրեական գործ հարուցելու Ռոբերտ Քոչարյանի գործը քննող ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ և, ըստ այդմ, ժամանակավորապես կասեցնելու նրա լիազորությունները որպես դատավոր։ 

Հիշեցնենք, որ դատավոր Դավիթ Գրիգորյանը Լեռնային Ղարաբաղի ներկա և նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի երաշխավորագրով մայիսի 18-ին ազատ էր արձակել Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանին, իսկ մայիսի 20-ին 2008-ի արյունալի իրադարձությունների գործով մեղադրյալներ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Արմեն Գևորգյանի և Յուրի Խաչատուրովի քրեական գործով վարույթը կասեցրել էր ու այն ուղարկել Սահմանադրական դատարան: 

Հուլիսի 17-ին Հատուկ քննչական ծառայությունը խուզարկություն էր իրականացրել Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում ու կրիչներ, փաստաթղթեր առգրավվել։

Դատախազությունը հաղորդագրություն էր տարածել, որում նշել էր, որ դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում կատարված խուզարկությունը և առգրավումը ունեցել են մեկ նպատակ՝ գործով ձեռք բերել պաշտոնեական կեղծիք կատարված լինելու հանգամանքը հաստատող կամ հերքող փաստական տվյալներ։