Ավտովթարների աճը կանխարգելող նոր օրինագիծ՝ Վահե Էնֆիաջյանից

ԵՐԵՎԱՆ ՀՈՒԼԻՍԻ 29, 24News

1

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանը ավտովթարների աճը կանխարգելող նոր օրենքի նախագիծ է մշակել, որն աշնանը կներկայացնի խորհրդարանին:

Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում․

« Ավտովթարների աճը կանխարգելող նոր օրինագիծ

Դիտավորյալ հանդիպակաց երթևեկելի գոտի դուրս գալը հանդիսանում է ամենավտանգավոր խախտումներից մեկը, որի արդյունքում մեծ թիվ է կազմում անդառնալի հետևանքներով վիճակագրությունը։

Միջազգային փորձը ցույց է տալիս, որ դրա կանխարգելման լավագույն մեթոդը տուգանքների զգալի բարձրացումն է։
Օրինակ` ՌԴ-ում նմանօրինակ խախտումը նախատեսում է անհամեմատ ավելի մեծ տուգանք, իսկ կրկնվելու դեպքում՝ վարորդական իրավունքի 4 ամսից մինչև 1 տարի զրկում։
2018թ. առաջին հինգ ամիսների ընթացքում տեղի է ունեցել 1362 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով մահացել է 114 մարդ, իսկ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել 1976-ը, այս տարվա նույն ժամանակահատվածում տեղի է ունեցել 1663 պատահար, զոհվել է 122 մարդ, իսկ վնասվածքներ ստացել 2413-ը:
Այսինքն՝ աճել է թե պատահարների, թե զոհերի եւ թե վնասվածքներ ստացած անձանց թիվը:
Դիտարկումները ցույց են տալիս, որ զոհերի եւ վնասվածքներ ստացած անձանց թիվը հատկապես շատ է լինում, երբ պատահարը տեղի է ունենում տրանսպորտային միջոցների հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալու հետեւանքով:
Նման մի քանի ողբերգական դեպքեր տեղի են ունեցել վերջին ժամանակահատվածում, որոնց հետեւանքով ունեցանք տասից ավելի զոհ եւ տուժածներ:

Այսպիսով՝
2017 թ.-ին ներմուծվել է 35.000 մեքենա,
2018 թ.-ին 67.000 մեքենա,
2019 թ.-ի միայն առաջին կիսամյակին արդեն շուրջ 70.000 մեքենա։
Անկասկած նման աճը հանգեցնելու էր պատահարների թվի աճին, ինչի մասին ցավոք հաճախ ենք տեղեկանում։
Իրավիճակի դեմ հարկավոր է պայքարել և համապատասխան օրենսդրական փոփոխություններ իրականացնել։

Հանդիպակաց երթևեկելի գոտով դիտավորյալ վարելու ժամանակ տուգանքի զգալի բարձրացումը, սոցիալական նման պայմաններում՝ զսպող մեխանիզմ է հանդիսանում։
Շրջանառության մեջ դրված օրենսդրական նախաձեռնությունն աշնանը խորհրդարանում կներկայացնեմ և բազմակողմանի քննարկումների արդյունքում, հուսով եմ միասնական ճիշտ լուծում գտնելով, կպայքարենք երթևեկության կանոնների ամենավտանգավոր խախտումներից մեկի դեմ, որը միանշանակ կանխարգելիչ դեր ունի։

Հ.Գ. Ի դեպ նախագիծը մուտք անելուց հետո police.am կայքում, միայն 7 օրվա դիտարկման արդյունքում ֆիքսեցի 74 պատահարներ»։