Արտասահմանյան գործուղումներ. կառավարության ղեկավարների ծախսերը՝ թվերով

Ընթացիկ տարվա մայիսի վերջին ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները շրջանառության մեջ դրեցին մի նախագիծ, որով նախատեսվում էր հրապարակային դարձնել ՀՀ նախագահի, վարչապետի և ԱԺ նախագահի արարողակարգային ծախսերը։ Օրենքի նախագիծը հավանության չարժանացավ խորհրդարանում, սակայն որոշ լրատվամիջոցներ, հղում անելով ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանի խոսքերին, հայտարարեցին, թե երկրի ղեկավարների արարողակարգային ծախսերը գաղտնի դարձնող օրենքն ընդունելու քաղաքական որոշումն ընդունվել էր դեռ նախկին իշխանությունների օրոք՝ հաշվի առնելով նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից իբր արված ոչ նպատակային բյուջետային ծախսերը՝ արտասահմանյան ուղևորություններից մեկի ժամանակ։ 

24News-ի հետ զրույցում նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը նշեց, որ սույն աղմուկ հանած պատմությունն ունի ավելի մեծ արմատներ և կապված է այդ օրերի ներքաղաքական սուր պայքարի հերթական դրսևորման հետ։ Ըստ մեր զրուցակցի, խորհրդարանում այս օրենքն ընդունելու հիմնական լոբբինգն արել է ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Վիգեն Սարգսյանը, իսկ թե ինչ պատճառներով՝ մնում է միայն ենթադրել։ Իսկ քանի որ օրվա ընդդիմությունը՝ ԲՀԿ-ի գլխավորությամբ ու ՀՀԿ-ական օլիգարխիայի գործուն աջակցությամբ գերխնդիր էր դարձրել Տիգրան Սարգսյանին վարկաբեկելու գործընթացը, որոշվեց հասարակությանը հրամցնել հենց այդ սցենարը։ Ունենալով գրպանային լրատվամիջոցների գործուն աջակցություն՝ այդ օրերին օլիգարխիային հաջողվեց շատերին հավաստիացնել, որ օրենքի նախագիծն ընդունվում է հենց այդ պատճառով։ 

Ինչևէ, 24News-ը պաշտոնական հարցում ուղարկեց ՀՀ կառավարության աշխատակազմ, որպեսզի պարզի, թե որքան գումար են Հայաստանի կառավարության ղեկավարները ծախսել այս տարիների իրենց գործուղումների ժամանակ։ Գրեթե մեկ ամիս անց մենք ստացանք պատասխան, որում ասվում էր, թե 2003 թ-ից մինչև 2018 թ-ի ապրիլ ժամանակահատվածում գործուղումների մասին ծախսերն ուղարկվել է Կենտրոնական ազգային արխիվ։ Ինչ վերաբերում է 2018 թթ-ի ապրիլից մինչև 2019 թթ կառավարության ղեկավարի և իր աշխատակազմի գործուղումների ծախսերին՝ գործադիրի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից  հղում արեցին վերոնշյալ օրենքին, որում որոշ ծախսեր՝  այդ թվում և արարողակարգային, կեցության, սննդի և տրանսպորտային սպասարկման հետ կապված, փակ գործընթաց են և հրապարակայնացման ենթակա չեն։ 

Այնուամենայնիվ, քանի որ թեման բավական սուր ու հետաքրքիր է, 24News-ը փորձեց պարզել, թե որքան են Հայաստանի նախկին ու ներկա վարչապետները ծախսում իրենց արտասահմանյան գործուղումների ժամանակ։ Ֆինանսների նախարարության պաշտոնական կայքէջում՝ բյուջեի կատարողականի հավելվածներ բաժնում, մեզ հաջողվեց գտնել 2008-ից 2018 թթ-ին արտասահմանյան գործուղումների համար կատարված ծախսային տողերը, որոնք, ըստ ամենայնի, վերաբերում են կառավարության ղեկավարներին և նրանց ուղեկցող պատվիրակություններին։

Եվ այսպես, սկսենք 2008 թ-ից մինչև 2014 թթ-ի ապրիլ պաշտոնավարած Տիգրան Սարգսյանի և նրա աշխատակազմի գործուղումներից։ Ֆինանսների նախարարության կայքի պետական բյուջեի հաշվետվության հավելվածում երևում է, որ Սարգսյանն ու իր կառավարությունը ամենաքիչն են ծախսել պետական բյուջեից՝ արտասահմանյան գործուղումների համար՝ չնայած հենց վերջինիս էին իր քննադատները մեղադրում արտասահմանյան մեծ ծախսեր կատարելու համար։ Այսպես, 2008 թ-ին Կառավարության ղեկավարի և նրան ուղեկցող պատվիրակության անդամների գործուղման ծախսերը կազմել են 72, 134 մլն դրամ։  2009 թ-ին պետական բյուջեից  ծախսվել է գրեթե 100 մլն դրամ վարչապետի և նրան ուղեկցողների գործուղումների վրա, իսկ 2010 թ-ին՝  շուրջ  199 մլն դրամ։ 

2011 թ-ին վարչապետի և նրան ուղեկցող պատվիրակության արտասահմանյան պաշտոնական այցելությունների թիվը գրեթե հասել է 256 մլն դրամի, 2012 թ-ին՝ 150 մլն-ի։

2013 թ-ին կառավարության ղեկավարի և պատվիրակության պաշտոնական այցելությունների գումարը կազմել է 232 մլն դրամ։

2014 թթ-ի սկզբներին Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո վարչապետ է նշանակվում Հովիկ Աբրահամյանը, ում վարչապետության առաջին տարին պետական բյուջեից արտասահմանյան այցելությունների ծախսերի համար վճարվում է  գրեթե 166 մլն դրամ։

2015 թ-ին Հովիկ Աբրահամյանն ու իր հետ այցելությունների մեկնածները ծախսում են շատ ավելի շատ՝ գրեթե 270 մլն դրամ։ 

2016 թթ-ին Հայաստանում տեղի են ունենում մի քանի ողբերգական իրադարձություններ, որոնցով է, թերևս, պայմանավորված արտասահմանյան գործուղումների խիստ կրճատումը։ Հովիկ Աբրահամյանը, իսկ հետո տարվա կեսից նրան փոխարինած Կարեն Կարապետյանն այդ տարի ծախսել են շուրջ 74 մլն դրամ։ 

2017 թ-ին՝ արդեն Կարեն Կարապետյանի լիարժեք  վարչապետության օրոք կառավարությունը գործուղումների համար ծախսել է գրեթե 268 մլն դրամ։ 

2018 թ-ին Հայաստանը նախագահականից անցում կատարեց խորհրդարանական կառավարման համակարգի, որով և բացատրվում է կառավարության աշխատակազմի գործուղումների կտրուկ բարձրացումը։ Վարչապետներ Կարեն Կարապետյանը և Նիկոլ Փաշինյանը 2018 թթ-ի գործուղումների ժամանակ ծախսել են գրեթե 570 մլն դրամ։ 

Ստացվում է, որ եթե վերցնենք առանձին տարիներին արձանագրված ամենախոշոր ծախսերով` ապա Տիգրան Սարգսյանի կառավարությունը ծախսել է ամենաքիչը՝ 2011 թ-ին հասնելով  256 մլն դրամ առավելագույնին ։  Այս թվից հետո մեծությամբ գալիս է Կարեն Կարապետյանի կառավարության 2017 թ-ին ծախսված գումարը՝ 268 մլն դրամ։ Հաջորդն արդեն, այսինքն բոլոր վարչապետերից տարեկան կտրվածքով ամենաշատը, 2015 թ-ին  ծախսել է Հովիկ Աբրահամյանը՝  գրեթե 270 մլն դրամ։ 

Կարեն Կարապետյանի և Նիկոլ Փաշինյանի 2018 թ-ի պաշտոնական այցելությունների ծախսած գրեթե 570 մլն դրամը պետք է համեմատել նախագահի և նրա աշխատակազմի այցելությունների համար նախատեսված գումարների հետ, որը կներկայացնենք ավելի ուշ։