ՀՀ ԶՈՒ տանկային անձնակազմը «Տանկային բիաթլոնի» 1-ին փուլին կմասնակցի օգոստոսի 4-ին

ԵՐԵՎԱՆ ՀՈՒԼԻՍԻ 30, 24News

1

Հուլիսի 29-ին մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում տեղի է ունեցել «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի շրջանակում անցկացվող «Տանկային բիաթլոն» մրցաձևի մասնակցության և տանկերի երանգների ընտրության վիճակահանությունը:

ՀՀ ԶՈՒ տանկային անձնակազմը, ըստ վիճակահանության արդյունքի, «Տանկային բիաթլոնի» առաջին փուլին կմասնակցի օգոստոսի 4-ին, մրցելով Ղրղզստանի, Իրանի և ՌԴ-ի տանկային անձնակազմերի հետ: Հայ զինծառայողները մրցույթին կմասնակցեն դեղին տանկերով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մրցումների անցկացման վայրում հայ տանկիստները ծանոթացել են երթուղուն, արգելագոտիներին, քննարկել առաջադրանքներն արագ և արդյունավետ կատարելու եղանակները: 

Օրվա ավարտին, կրկին վիճակահանությամբ, ընտրվել են տանկերը, որոնք պետք է շահագործեն մասնակից թիմերը: Հայկական անձնակազմը ծանոթացել է ամրակցված տեխնիկային, փորձարկել այն: