Նիկոլ Փաշինյանը հերքում է ուղղաթիռով մանկության ընկերոջ ծնունդին գնալու լուրը

ԵՐԵՎԱՆՀՈՒLԻՍԻ 31, 24News

Նիկոլ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով՝ ուղղաթիռով ընկերոջ ծննդյան տարեձարձին գնալու լուրին։ Գրառումը՝ ստորև․

«Ընդհանրապես ուղղաթիռը ճոխություն չէ, այլ փոխադրամիջոց, բայց Սևանից Դիլիջան ընտանեկան միջոցառման, իսկ Դիլիջանից Իջևան ընկերոջ տարեդարձին ուղղաթիռով մեկնելը տրամաբանական չէր լինի:

Լրագրողը լուրը հրապարակելուց առաջ կարող էր հարցնել իմ մամուլի խոսնակին: Հիմա էլ էն դարը հո չէ՞, երբ երկրի ղեկավարի մամլո խոսնակը լրագրողների զանգերին չէր պատասխանում:

Նաև զարմանում եմ այն մարդկանց վրա, որոնք նման լուրերին վստահությամբ են վերաբերվում:

Բա ժողովո՛ւրդ ջան, տասնյակ տարիներ ձեզ նման լուրերով են խաբել-թալանել, հիմա էլ ուզում են համոզել, թե էսօրվա կառավարությունն էլ է նույն կերպ ձեզ խաբում-թալանում:

Նրանց ասածի իմաստն էն է, որ մենք ավելի լավ էինք խաբում-թալանում. ընթացքում ձեզ որդնած բրինձ էինք բաժանում, ատամի պրոտեզ, ընտրակաշառք....

Իսկ մի շարք լարատվամիջոցների համար երկրում իսկապես բան չի փոխվել. նրանք ինչպես սնվել, այնպես էլ շարունակում են սնվել սերժառոբական հայրենաթալան ավարից:

Այ էստեղ՝ մեզ ուղղված քլնգոցը խիստ տեղին է, որ սրանց ձեռքը դեռ էնքան փող կա, որ, բացի պեռաշկիից, ուրիշ բան էլ կարող են առնել. այդ թվում՝ լրագրող ու ցուցարար:

Բայց դե մենք սահմամափակված ենք օրենքով և արդյունավետ ինստիտուտների չգոյությամբ: Նաև այս հարցերը կլուծվեն անպայման՝ օրենքի և իրավունքի հիման վրա:

Ասեմ նաև, որ ՀՀ վարչապետի ուղղաթիռից մտադիր եմ օգտվել ցանկացած պահի, երբ դա անհրաժեշտ կլինի իմ գործունեության համար, ինչպես օգտվում եմ վարչապետի ավտոմեքենայից, աշխատասենյակից, հատուկ կապից: Սրանից իրադարձություն պետք չի սարքել»:

Նիկոլ Փաշինյանը գրառմանը կից ներկայացրել է նաև «Իրատես»-ի հերքման տեքստը․

«Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հարկ է համարում տեղեկացնել, որ «Իրատես» թերթում 2019 թվականի հուլիսի 23-ին տեղ գտած «Պատգամավոր ընկերոջ ծնունդին ուղղաթիռով է Իջևան գնացել» վերտառությամբ հրապարակման մեջ առկա լուրը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղղաթիռով է մեկնել Իջևան, իրականությանը չի համապատասխանում։

ՀՀ վարչապետի աշխատակազմն անթույլատրելի է համարում այս հրապարակման մեջ տեղ գտած ոչ ճիշտ տեղեկատվությունը ու, «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի համաձայն, պահանջում է «Իրատես» թերթում և Irates.am կայքում հրապարակել դրա հերքումը»,-գրել է «Իրատես»-ը: