Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի նորանշանակ դեսպանին

ԵՐԵՎԱՆ ՀՈՒԼԻՍԻ 31, 24News

1

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Բեդրիխ Կոպեցկիին:

Շնորհավորելով դեսպանին դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ՝ Սուրեն Պապիկյանը նշել է, որ Հայաստանը  հետհեղափոխական՝ այսօր արդեն տնտեսական զարգացման փուլում,  կարևորում  է   Արևելյան Եվրոպայի ամենակայուն գործընկերներից մեկի  հետ հարաբերությունների ընդլայնումը: «ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն այսօր ընդգրկում է բոլոր ենթակառուցվածքներն ու համակարգման նոր ոլորտներ,  և այս առումով Չեխիայի  գործընկեր պետական և մասնավոր ոլորտային կառույցների միջև առկա է չօգտագործված զգալի ներուժ»,-ասել է նախարարը՝ հույս հայտնելով, որ այս հանդիպումը կոնկրետ ուղղություններով համագործակցության մեկնարկ կհանդիսանա:

Սուրեն Պապիկյանը նշել է, որ արդեն  իսկ հաջողված օրինակներ կան տարածքային կառավարման ոլորտում՝ մասնավորապես՝ Վայոց ձորի մարզպետարանի և Կարլովարյան,Արմավիրի մարզի և Մորավսկո-Սիլեզյան երկրամասերի միջև, ինչպես նաև Տավուշի մարզի հետ, ինչը  ընդլայնելու և խորացնելու  կարիք կա: 

Նախարարն անդրադարձել է Արևելյան գործընկերության, ինչպես նաև  Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցության  հնարավորություններին:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Բեդրիխ Կոպեցկին հավաստիացրել է, որ ջանք չի խնայի հայ-չեխական հարաբերությունները նոր մակարդակի  հասցնելու և   համագործակցության նոր նախաձեռնություններին աջակցելու  համար։

Հանդիպմանը քննարկվել են  տարածքային կառավարման, տրանսպորտի, ճանապարհաշինության, թափոնների կառավարման, փոքր ավիացիայի և մի շարք այլ որոտներում համագործակցության ընդլայնմանը  և նոր հնարավորություններին վերաբերող հարցեր: