Լեհաստանում ՀՀ դեսպանը հանդիպել է Լեհաստանի արտաքին գործերի նախարար Յացեկ Չապուտովիչին

ԵՐԵՎԱՆ ՀՈՒԼԻՍԻ 31, 24News

1

Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը hուլիսի 30-ին հանդիպել է Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Յացեկ Չապուտովիչի (Jacek Czaputowicz) հետ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, կողմերը բարձր են գնահատել Հայաստանի և Լեհաստանի հարաբերությունների ներկա մակարդակը՝ ընդգծելով փոխգործակցության հետագա խորացման և ընդլայնման անհրաժեշտությունը։ 

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ օրակարգի մի շարք հարցեր, մասնավորապես` անդրադարձ կատարվեց բարձր մակարդակի այցերին և առևտրատնտեսական կապերին։ Զրուցակիցներն առանձնակի կարևորել են ԵՄ ԱլԳ շրջանակներում համագործակցությունը և ԱլԳ հաջորդ տասնամյակի գործունեության համար նոր օրակարգի մշակման նպատակով համատեղ աշխատանքը։

Սամվել Մկրտչյանը ներկայացրել է Հայաստանում Թավշյա հեղափոխությունից հետո իշխանությունների կողմից իրականացվող բազմաբնույթ և խորը բարեփոխումները, ՀՀ գործընկերներից ակնկալվող աջակցության ոլորտները։ Այս համատեքստում, կարևորվել է ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրի շուտափույթ վավերացումը Եվրոպական միության բոլոր անդամ երկրների կողմից և դրա լիարժեք իրականացումը։

ՀՀ դեսպանը ԼՀ արտգործնախարարին ներկայացրել է ԼՂ հակամարտության բանակցային գործընթացի շուրջ վերջին զարգացումները։

Յացեկ Չապուտովիչը ԼՀ կառավարության անվերապահ աջակցությունն է հայտնել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ Մինսկի խմբի համանախագահության՝ միջազգայնորեն ճանաչված միակ ձևաչափի շրջանակներում։