Արթուր Վանեցյանի մասնակցությամբ ամփոփվել է «Վահան 2019» սահմանային օպերացիայի արդյունքները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍ 31, 24News

վանեցյան

ՀՀ ազգային անվտանության սահմանապահ զորքերի վարչական համալիրում ՀՀ ԱԱԾ տնօրեն, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանի,  ԱԱԾ դեպարտամենտների ներկայացուցիչների եւ Սահմանապահ զորքերի հրամանատարական կազմի մասնակցությամբ ամփոփվեցին «Վահան 2019» հատուկ սահմանային օպերացիայի արդյունքները: Այս մասին հայտնում են ԱԱԾ մամուլի կենտրոնից։

Ամփոփիչ զեկույցում ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Վաղինակ Սարգսյանը ներկայացրեց հատուկ սահմանային օպերացիայի շրջանակներում անցկացված հրամանատարաշտաբային  վարժանքի արդյունքները, նշեց ի հայտ եկած բացթողումները, ինչպես նաեւ ներկայացրեց առաջարկություններ՝ պետական սահմանում իրադրության սրման պայմաններում սահմանապահ զորքերի գործողությունների արդյունավետության  բարձրացման վերաբերյալ:

Նշենք, որ ԱԱԾ սահմանապահ զորքերում առաջին անգամ է, որ նման ձեւաչափով զորավարժություն է անցկացվել, ինչը հնարավորություն է տվել Սահմանապահ զորքերի հրամանատարական կազմին գնահատելու իրենց հնարավորություններն ու կարողությունները: Համատեղ հատուկ սահմանային օպերացիայի ընթացքում ՀՀ պետական սահմանի անցման կետերով ընդհանուր առմամբ սահմանահատել է 82671 անձ, 15427 տրանսպորտային միջոց։ Սահմանապահ զորքերի ստորաբաժանումների մարտածառայողական եւ օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքում բացահայտվել է՝ սահմանային ռեժիմի խախտման 4 դեպք, կանխվել է կեղծ փաստաթղթերով սահմանահատման 8 փորձ եւ հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող 9 անձ։

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը դրական գնահատելով «Վահան 2019» հատուկ սահմանային օպերացիայի արդյունքները, շնորհակալություն հայտնեց Սահմանապահ զորքերի ողջ անձնակազմին՝ ակտիվ մասնակցության եւ բարեխիղճ  ծառայության համար:

«Աշխարհաքաղաքական այն զարգացումները, որոնք տեղի են ունենում անմիջապես մեր հարեւանությամբ, մեզ պարտադրում են զգոն լինել: Իսկ այս հարցում պատասխանատվության ամենամեծ չափաբաժինը հենց սահմանապահ զորքերինն է: Չեն սխալվում միայն նրանք, ովքեր չեն աշխատում, բայց այստեղ շատ ավելի կարեւոր է այդ սխալները տեսնել, վերհանել եւ աշխատանքներ տանել դրանք շտկելու ուղղությամբ»,- իր խոսքում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

ԱԱԾ տնօրենը, մատնանշելով զարգացման ուղղությունները, հանձնարարեց պլանավորել եւ իրականացնել առավել մասշտաբային վարժանք։