ԼԳԲՏ անձանց իրավունքնե՞ր, թե՞ բռնության դեմ պայքար. ի՞նչ է Ստամբուլյան կոնվենցիան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 31, 24News

Ավելի քան մեկ ամիս է հայ քաղաքական և հանրային դաշտի լայն քննարկման առարկա է դարձել Ստամբուլյան կամ «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» կոնվենցիան։ Հայաստանն այն ստորագրել է 2018 թ․ հունվարին։ Իսկ առաջիկայում պետք է ներկայացվի խորհրդարանի վավերացման։ Մինչ այդ մարդկանց կարծիքները բաժանվել են երկու խմբի՝ դեմ և կողմ։

Դեմ կարծիք հայտնողները վտանգ են տեսնում, որ կոնվենցիան հող է նախապատրաստում ՀՀ-ում ԼԳԲՏ՝ լեսբի, գեյ, բիսեքսուալ և տրանսգենդեր անձանց ընտանիքների ստեղծման համար՝ խարխլելով ավանդական հայկական ընտանիքի հիմքերը, իսկ կողմնակիցների կարծիքով կոնվենցիան պաշտպանելու է տարիներ շարունակ ընտանիքում բռնության ենթարկվող կանանց։ 

Իշխող՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները հիմնականում խուսափում են կարծիք հայտնել կոնվենցիայի շուրջ՝ կա՛մ նշելով, որ դեռ լավ ծանոթ չեն կոնվենցիային, կա՛մ խմբակցության ներսում դեռ չեն ավարտվել քննարկումները։

Թեև խորհրդարանական ընդդիմադիր ուժերը ևս միասնական կարծիք չեն հայտնել հարցի շուրջ, սակայն առանձին պատգամավորներ իրենց «դեմ» կարծիքն արդեն հասցրել են հրապարակային հայտնել։

Հետաքրքիր է, որ կոնվենցիային կտրականապես դեմ են արտահայտվում նախկին իշխանության ներկայացուցիչները՝ ՀՀԿ-ականները, որոնց իշխանության օրոք էլ հենց ստորագրվել է փաստաթուղթը։

Վերջերս, մի քանի փաստաբաններ՝ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի գլխավորությամբ, ստեղծել են «Ոչ ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը» նախաձեռնություն։ Նրանք առանձնացրել են որոշ դրույթներ, որոնք, իրենց կարծիքով, վտանգավոր են ազգային արժեքների պահպանման համար։

Խնդրահարույց է համարվում հատկապես այն, որ կոնվենցիան «ընտանեկան» հասկացության մեջ ներառում է ինչպես ընտանիքը, այնպես էլ ընտանեկան միավորն ու զուգընկերներին, ինչը, նշանակում է, որ ԼԳԲՏ  անձինք կարող են ներառվել «ընտանեկան միավոր» կամ «զուգընկերներ» հասկացության մեջ:

Ստացվում է, որ ԼԳԲՏ անձինք Ստամբուլյան կոնվենցիայի իմաստով կարող են համարվել ընտանեկան բռնության զոհեր:

Նախաձեռնության անդամներն առանձնացրել են նաև Ստամբուլյան կոնվենցիայի 12-րդ հոդվածի 1-ին մասը, համաձայն որի՝ մասնակից պետությունները պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկեն կանանց և տղամարդկանց վարքագծի սոցիալական և մշակութային վարվելակերպերում փոփոխություններ մտցնելու համար՝ արմատախիլ անելու այն սովորույթներն ու  ավանդույթները, որոնք հիմնված են կանանց և տղամարդկանց կարծրատիպային դերաբաժանման գաղափարի վրա։

Ստացվում է, որ վերոնշյալը կարող է վերաբերել նաև իրենց կին համարող տղամարդկանց կամ իրենց տղամարդ համարող կանանց կարծրատիպային դերաբաժանմանը, քանի որ այս դեպքում էլ, ըստ կոնվենցիայի, չպետք է որևէ խտրություն դրվի:

Նախաձեռնության առանձնացրած հաջորդ կետը կոնվենցիայի 14-րդ հոդվածի 1-ին մասն է․ կողմերը համապատասխան դեպքերում պետք է ձեռնարկեն անհրաժեշտ քայլեր, որպեսզի պաշտոնական ուսումնական ծրագրերում և կրթական բոլոր մակարդակներում ընդգրկվեն կանանց և տղամարդկանց միջև հավասարության, կարծրատիպերից զերծ գենդերային դերերի թեմաներով ուսումնական նյութեր։

Կոնվենցիայի 60-րդ հոդվածն էլ ենթադրում է, որ որոշ կանայք կարող են հալածանքների ենթարկվել հասարակության մեջ ընդունված վարքագիծ կամ դերակատարություն չդրսևորելու համար, ինչպես նաև ավանդական գենդերային դերերին դեմ խոսելու համար:

Ստամբուլյան կոնվենցիայի ընդունումից հետո մեր երկրում հնարավորություն է ստեղծվելու այլ երկրների ԼԳԲՏ անձանց տրամադրել ապաստան և փախստականի կարգավիճակ՝ գենդերային հիմքով:

Նշենք, որ 11.05.2011 թ․ Եվրոպայի խորհրդի՝ կանանց դեմ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի կոնվենցիան ստորագրվել է Ստամբուլում 2011 թ․ մայիսին: Եվրոպայի խորհրդի անդամ 47 պետություններից այն ստորագրել և վավերացրել է 34  պետություն, 11  պետություն ստորագրել է, սակայն չի վավերացրել, այդ թվում՝ Հայաստանը,  2 պետություն՝ Ռուսաստանն ու Ադրբեջանը, չեն ստորագրել և չեն վավերացրել կոնվենցիան։