Ամերիկահայ լրագրող Փիթեր Մուրսուլյանը երրորդ անգամ արժանացել է «Էմմի» մրցանակի

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 1, 24News

Միացյալ Նահանգներում բնակվող անկախ լրագրող Փիթեր Մուրսուլյանը երրորդ անգամ դարձել է Los Angeles Area Emmy Awards մրցանակի դափնեկիր, հաղորդում է  Asbarez-ը:

Մրցանակը ամերիկահայ լրագրողը ստացել է Holocaust Soliloquy («Մենախոսություն Հոլոքոստի մասին») վավերագրական ֆիլմի համար, որը ցուցադրվել է ամերիկյան PBS հեռուստաալիքով 2018-ի մայիսին:

«Պապս Հայոց ցեղասպանությունից փրկվածներից մեկն է եղել, և ես մեծացել եմ մի միջավայրում, որտեղ ողջ կյանքի ընթացքում պատմություններ ես լսում, թե ինչերի միջով է նա անցել: Եվ ես այս մասին պատմելով՝ ցանկացա ներկայացնել այն ամենն, ինչի միջով անցել է նաև պապս, ինչպես և մյուսները, որոնք տեսել են Ցեղասպանությունը», - ասել է Մուրսուլյանը մրցանակը ստանալիս:

Տարեսկզբին լրագրողը ևս արժանացել էր լոսանջելեսյան մամուլի ակումբի մրցանակին «Լավագույն տեսագրություն» անվանակարգում: Նոր մրցանակը երրորդ Emmy-ն է նրա համար: Մինչ այս Los Angeles Area Emmy Awards հեղինակավոր մրցանակին լրագրողն արժանացել էր 2012 և 2016 թվականներին, ևս տաս անգամ առաջադրվել է: