Գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատարը 3-օրյա այցով մեկնել է Մոսկվա

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 1, 24News

ԴԱՀԿ

ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար, արդարադատության գնդապետ Դավիթ Բեգինյանը ՌԴ դատական պրիստավների դաշնային ծառայության տնօրեն-ՌԴ գլխավոր դատական պրիստավ Դմիտրի Արիստովի հրավերով եռօրյա աշխատանքային այցով գտնվում է Մոսկվայում, որտեղ մասնակցում է հարկադիր կատարման ոլորտի հիմնախնդիրներին նվիրված հոբելյանական 10-րդ միջազգային գիտագործնական համաժողովին: Այդ մասին հայտնում է ԴԱՀԿ-ի լրատվական ծառայությունը։          

«Հարկադիր կատարում. ներկա իրավիճակ և զարգացման վեկտորներ» խորագրի ներքո անցկացվող համաժողովը լայն հարթակ է՝ տարբեր երկրներում հարկադիր կատարման համակարգերի կատարելագործման ոլորտում գրանցված ձեռքբերումների, զարգացման հեռանկարների ներկայացման, խնդիրների վերհանման, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող առանցքային հարցերի քննարկման և աշխատանքային հանդիպումների կազմակերպման, ինչպես նաև համատեղ միջոցառումների օրակարգ ձևավորելու համար:

Միջազգային գիտագործնական համաժողովին մասնակցում են պատվիրակություններ ավելի քան 50 երկրներից, այդ թվում՝ Դատական կատարողների միջազգային միությունից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Ֆինլանդիայից, Էստոնիայից, Բելառուսից, Բելգիայից, Իսրայելից, Իրանից, Սերբիայից, Թաիլանդից, Մոլդովայից, Նիդեռլանդներից, Աֆրիկա, Ամերիկա մայրցամաքներից և այլն:

Աշխատանքային այցի շրջանակում ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Բեգինյանն առանձին հանդիպում է ունեցել ՌԴ դատական պրիստավների դաշնային ծառայության տնօրեն-ՌԴ գլխավոր դատական պրիստավ Դմիտրի Արիստովի հետ:

Զրուցակիցները կարևորել են երկու երկրների ծառայություններ միջև համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը և այդ համատեքստում քննարկել ՌԴ դատական պրիստավների դաշնային ծառայության և ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայութան միջև ստորագրվելիք համագործակցության հուշագրի դրույթները: Պայմանավորվածությունն է ձեռք բերվել հուշագիրը ստորագրել ս. թ․ նոյեմբերին կայանալիք Դատական կատարողների միջազգային միության լիագումար նիստի ընթացքում:

Կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: