Քաշաթաղի շրջանի վարչակազմը հերքում է խոզերի աֆրիկյան ժանտախտի լուրը․ «Արցախպրես»

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 1, 24News

1

Ս․ թ․ հուլիսի 28-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում «Քաշաթաղի նախաձեռնող խումբ» ինքնահորջորջվող և իրավաբանական կարգավիճակ չունեցող սուբյեկտի անունից ապագա ամսաթվով (հուլիսի 29) կեղծ տեղեկություն է տարածվել, թե իբր Քաշաթաղի շրջանում խոզերի աֆրիկյան ժանտախտի «համաճարակ» է բռնկվել և այդ խնդրով բնակչության անվտանգությունն ապահովելու գործում շրջանի պետական և տեղական ինքնակառավարման մարմիններր «անգործության» են մատնված: Այդ մասին «Արցախպրես»-ին տեղեկացրել է ԱՀ Քաշաթաղի շրջանի վարչակազմը:

Տեքստային կեղծիքն ուղեկցվում էր նաև վիզուալ ապատեղեկատվությամբ՝ ս․ թ․ հունիսին Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղում Արշակ Արամի Կարապետյանի սատկած խոզերի նկարով ՝ տպավորություն թողնելով, թե տեղի ունեցածը Քաշաթաղում է։

Ստորև ներկայացվում է խնդրո առարկայի վերաբերյալ իսկությունը՝

1. Աֆրիկյան ժանտախտ վարակի տարածման դեպքեր շրջանում գրանցվել են հունիս և ոչ թե հուլիսին:

2. Տեղի ունեցած դեպքերը չեն տեղավորվում «համաճարակ» եզրույթի գիտական կամ իրավական սահմանման մեջ, ինչի ակնարկն արվում է կեղծ տեղեկության մեջ:

3. Հարցն ի սկզբանե եղել է պատկան մարմինների ուշադրության կենտրոնում, մասնավորապես՝ քննարկվել է հունիսի 21-ին շրջանի վարչակազմի ղեկավար Ստեփան Սարգսյան ի կողմից հրավիրված աշխատանքային նիստի ժամանակ, որի ընթացքում համապատասխան հայտարարություններով են հանդես եկել «Քաշաթաղի անասնաբուժական սպասարկման կայան» ՊՈԱԿ տնօրենը, ինչպես նաև գյուղատնտեսության նախարարի տեղակալՏիգրան Առստամյանը։ Նիստի արդյունքում Ս․ Սարգսյանի հանձնարարությամբ խոզերի աֆրիկյան ժանտախտը կանխարգելելու նպատակով ստեղծվել է շրջանային հանձնաժողով, համայնքի ղեկավարներին հանձնարարվել է շարունակել բնակիչների հետ տանել բացատրական աշխատանքներ, իսկ համայնքների անասնաբուժարանների աշխատողներին՝ իրականացնել հետևողական վերահսկողություն։

4. Թե՛ Բերձոր քաղաքում, թե՛ շրջանի այլ բնակավայրերում վարակը լոկալիզացվել է, իրականացվել է սատկած խոզերի հորատում։

Հաշվի առնելով, որ «Տեղական ինքնակառավարման մասին» ԼՂՀ օրենքի 42.2 հոդվածով, ինչպես նաև «ԼՂՀ շրջաններում պետական կառավարման մասին» նախագահի հրամանագրի 15.բ հոդվածով հակահամաճարակային և կարանտինային միջոցառումների անցկացումը շրջանի վարչակազմի ղեկավարի և համայնքի ղեկավարի գործունեության տիրույթում են՝ այսօրինակ տեքստերը կարող են ԼՂՀ քաղաքացիական օրենսգրքի 1093.3 հոդվածի ուժով որակվել որպես զրպարտություն, տվյալ դեպքում՝ անձի վերաբերյալ այնպիսի փաստացի տվյալների հրապարակային ներկայացում, որոնք չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը։ Ըստ այսմ, կոչ ենք անում մեր քաղաքացիներին զերծ մնալ սույն ապատեղեկատվությունը տարածելուց և ենթադրյալ հանցակցությունից։