Ուրախ եմ, Քոչարյանը թող ընդդիմության կենտրոն լինի, բայց հեղափոխություն չի լինի․ Սիմոնյան

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 1, 24News

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն այսօր փակ քննարկում են անցկացրել Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ։ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ դիտարկմանը, թե խմբակցության ներսում կան պատգամավորներ, որոնք մեկ ընդհանուր հայտարարի չեն եկել կոնվենցիայի շուրջ քննարկումներում, ասել է՝ բնական է, որ կան տարբեր կարծիքներ։

««Պատգամավորներ կան» սխալ է ասել, մենք լրատվության հետ ենք աշխատել։ Կա մի պատգամավոր, որ միացել է։

Երկրորդը․ միանշանակ տարբեր կարծիքներ կան ոչ միայն կոնվենցիայի հետ կապված, այլ բոլոր հարցերի շուրջ։ Դրան ականատես եք լինում նաև ԱԺ նիստերի ժամանակ»,-ասել է Սիմոնյանը։

Դիտարկմանը՝ իսկ հարցն աշնանը ԱԺ օրակարգում կներառվի՞, Ալեն Սիմոնյանը պատասխանել է․ «Չեմ կարող ասել, կարող է՝ ընդհանրապես օրակարգում չլինի»։

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականություն վերադառնալու մասին վերջին հայտարարությանը, Ալեն Սիմոնյանը նշել է, որ նա նախ պետք է կողմնորոշվի՝ քաղաքականություն վերադարձե՞լ է, թե՞ չի վերադարձել։

«Առաջին հարցազրույցից սկսած, որ նոր էր եկել ու վակխանալիայից էր խոսում, մինչև օրս մի 4-5 անգամ ասել է, որ հեսա վերադառնալու է, բայց ես բազմիցս ասել եմ, որ այսօրվա իշխանության հակառակ կողմ՝ որպես ընդդիմություն, ասենք, ցինիկ բան եմ ասում, բայց իրեն թող տեսնի Ռոբերտ Քոչարյանը։ Ես իրեն ընդդիմություն չեմ տեսնում»,-ասել է Ալեն Սիմոնյանը։