«Փաստ»․Նիկոլ Փաշինյանը վերջին ժամանակներս սկսել է ավելի քիչ ուղիղ եթեր մտնել «Ֆեյսբուքում»

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 2, 24News

լայվ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին ժամանակներս սկսել է ավելի քիչ ուղիղ եթեր մտնել «Ֆեյսբուքում», փոխարենը եթե ոչ ամե­նօրյա, համենայն դեպս, չափազանց հա­ճախ ներկայացնում է պաշտոնական վիճա­կագրական տվյալներ։ Այս անգամ Փաշի­նյանը գրել է.

«Հեղափոխությունից առաջ խոստացել էի, որ մեկ-երկու տարում բյուջեի եկամուտները կավելանան 25-30 տոկոսով։ Եվ ահա՝ 2019 առաջին կիսամյակում նա­խորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն ավելացել են 25,1%-ով կամ 152 մլրդ դրա­մով»։ Ապա նա նշել է, թե բյուջեի եկամուտ­ների աճը հնարավորություն է տվել, որ հու­նիսի 1-ից միջինը 10 տոկոսով բարձրացվեն զինծառայողների աշխատավարձերը։ Թեև շատ զինծառայողներ փաստում են, որ աշխատավարձի փոփոխություն տեղի չի ունեցել, ըստ երևույթին, աշխատավարձերի աճը վերաբերում է ոչ բոլոր զինծառայողներին։ Փաշինյանը շարունակում է, որ սեպտեմբերի 1-ից 10 տոկոսով բարձրանալու է շուրջ 38 ազար ուսուցիչների աշխատավարձը։ 2020թ. հունվարի 1-ից 10 տոկոսով կբարձրանան կենսաթոշակները։ 

«Հավելյալ 7 մլրդ 400 մլն հատկացվելու է ճանապարհաշինությանը՝ ընդհանուր 330 կմ երկարությամբ ավտոճանապարհների վերանորոգման համար։ Հավելյալ 10 միլիարդ դրամ սուբվենցիոն ծրագրերով հատկացվելու է համայնքներին՝ համայնքային ծրագրեր իրականացնելու համար։ 3 մլրդ դրամ հատկացվելու է 1988–ի երկրաշարժի հետևանքով բնակարան կորցրած քաղաքացիների բնակարանային խնդիրնե­րը մեկ ծրագրով լուծելու համար»,– գրում է Փաշինյանը։ 

Անշուշտ, դրական պետք է գնահատել, որ կառավարության ղեկավարը արձանագրում է բյուջեի եկամուտների աճ և դրանք ուղղում սոցիալական խնդիրների լուծմանը, քանի որ սոցիալ-տնտեսական վի­ճակը բնակչության բավական վատ է։ Հե­տաքրքիր են ընտրված թիրախային խմբերը՝ զինվորականներ, ուսուցիչներ, թոշակառու­ներ և երկրաշարժից տուժած ընտանիքներ։ Զուտ համապետական առումով Փաշինյանի կառավարությունը, փաստորեն, բյուջեի եկամուտները ծախսելիս կարևորել է ճանա­պարհաշինությունն ու համայնքային ծրագ­րերը։ Այսինքն՝ կառավարության մոտեցումն է հնարավորինս արագ շոշափելի արդյունքներ ցույց տալ բնակչությանը, որպեսզի հեղափոխությունից ունեցած ակնկալիքների ճգնաժամը մեղմվի։ 

Մարդիկ սպասում էին կյանքի կտրուկ լա­վացում, բայց առայժմ ապավինելու են եկամուտների նվազագույն աճին, որը կենսամա­կարդակի հարցում ոչինչ չի փոխելու։ Մյուս կողմից՝ գումարներ են ծախսվելու ճանա­պարհաշինության և համայնքային տարբեր ծրագրերի վրա։ Պարզ չէ, թե կոնկրետ ինչ համայնքային ծրագրերի մասին է խոսքը, սակայն ակնհայտ է, որ ծախսվող գումարնե­րը հավելյալ արժեք չեն ստեղծելու, դրանք միտված են կարճաժամկետ տպավորություն թողնելուն։ Քավ լիցի, չենք չարախնդում, գրանցած արդյունքները դրական են, սա­կայն արդյոք դա ա՞յն է, ինչ հանրությունը ակնկալում էր հեղափոխությունից հետո։ Հանուն արդարության նշենք, որ Փաշինյանը վերախմբագրել է իր խոստումը։ Հեղափո­խությունից առաջ նա հստակ հայտարարել է, տեսանյութերը կան, որ բյուջեի եկամուտ­ները 1-2 տարվա ընթացքում կավելանան ոչ թե 25-30, այլ 30-40 տոկոսով։ Դեռևս ժամա­նակ կա այղ խոստումը իրականացնելու հա­մար, հետևաբար ի՞նչ կարիք կա թաքցնելու խոստացված թվերը։ Հանուն նրա, որ թվերը գեղեցիկ համընկնե՞ն։ Թե՞ այն պատճառով, որ արդեն պարզ է՝ խոստումները 100 տոկո­սով իրականություն չեն դառնալու, և քանի շանս կա, մի քիչ ձևափոխել, նկարել։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։