Կադրային «քաղաքականությունն» անխուսափելիորեն հանգեցնելու է կառավարման ճգնաժամի․ գրառում

ԵՐԵՎԱՆ ՕԳՈՍՏՈՍԻ 02, 24News

1

Ինչու՞ «թացը խառնվեց չորին», ինչու՞ հետեւողականություն չդրսեւորվեց կադրային որոշումներում: Եվ վերջապես՝ ու՞ր մնաց արդարությունը եւ օրվա իշխանության հռչակած նոր բանաձեւը: Այս մասին գրում է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադեւոս Ավետիսյանը․

«Իշխանափոխությունից հետո նոր ձեւավորված կառավարությունը շտապեց հռչակել նաեւ «նոր» Հայաստանում քաղաքացու հաջողության հասնելու՝ իրենց կողմից խոստացվող բանաձեւը.

«... հաջողության ճանապարհը ոչ հեռավոր անցյալում՝ դրա համար անհրաժեշտ էր ունենալ լավ ծանոթ, բարեկամ եւ թիկունք, ինչպես նաեւ լավ հմտություն, որոնք կապված չէին կրթության հետ: Նոր Հայաստանում հենց սա պետք է փոխվի՝ յուրաքանչյուրի հաջողությունը կախված չէ ուրիշներից: Յուրաքանչյուրի հաջողությունը կախված է իրենից, որովհետեւ նոր Հայաստանի նոր կառավարության ամենակարեւոր առաքելությունն այն է, որ կարողանա ստեղծել հնարավորությունների այս հավասար եւ ընդլայնված դաշտը, որպեսզի յուրաքանչյուրն արձանագրի, որ Հայաստանի Հանրապետությունում ամեն օր հնարավորությունների սահմանները ընդլայնվում են, եւ յուրաքանչյուրն ունի այդ դաշտից օգտվելու հավասար հնարավորություն: Սա է կարեւոր արձանագրումը այսօր Հայաստանում հաջողություն ունենալու համար եւ սրանից հետո միշտ է այսպես լինելու»:

Իհարկե հաճելի էր: Երկարատեւ սպասումից հետո ուրախությամբ արձանագրեցի, որ իմ ու իմ նման շատ այլ շարքային քաղաքացիների անցած ճանապարհն այլեւս դառնում է բանաձեւ, որի մասին ԱՅՈ՛, երազել ենք:

Այս բանաձեւի մասին միշտ ենք երազել: Հատկապես, երբ մեղմ ասած՝ ոչ արդար մրցակցության պայմաններում հանձնել ենք բարձրագույն ուսումնական հաստատության ընդունելության քննություն, որը հետո ավարտել ենք բարձր առաջադիմությամբ, իսկ շատերն էլ՝ գերազանցության դիպլոմով, մեղմ ասած՝ անառողջ մրցակցության պայմաններում եւ առանց «խնամի, ծանոթ, բարեկամ աջակցության»: Երբ այդ նույն ԲՈՒՀ-ում ասպիրանտուրա ընդունվելու համար գործերն ընդունող պատասխանատուները, տեսնելով մեր համառ ձգտումները, զարմացած ու զայրացած ասել են. «... կան անվճար ընդամենը մեկ-երկու տեղեր, այսինչ ամբիոնի վարիչի տղան կամ ռեկտորի բարեկամը եւ այլ «թիկունքավորներ» եւս դիմել են այդ տեղի համար, անիմաստ ժամանակ կկորցնես տղա ջան, եթե ... ու բնականաբար դու չկաս ցանկում»: Երբ ասպիրանտուրայի քննությունը «պատահական մասնակցի» համար տեւել է ժամեր, հանձնաժողովի անդամների խաչաձեւ հարցերով՝ մինչեւ հարցաշարի վերջին հարցը, իսկ մրցակցիդ՝ «թիկունքավորի» քննությունը անցկացվել է իրեն ամիսներ առաջ հայտնի հարցատոմսով՝ ստանդարտ երեք հարց եւ հինգ րոպե: Ինչեւէ ...., ստանում ես մասնագիտություն, գիտական աստիճան եւ կոչում:

Իհարկե, այդ ընթացքում հարյուրավոր դռներ թակելուց հետո գտնում ես աշխատանք, նաեւ՝ պետական համակարգում, համատեղությամբ դասավանդում ես քո հարազատ ԲՈՒՀ-ում: Սկսում ես սիրել քո գործը եւ նվիրվում ես քո աշխատանքին՝ անձնականը թողնելով մի կողմ, եւ տարիների ընթացքում գրանցում ես փոքր հաջողություններ՝ երազելով հաջողության հասնելու ՆՈՐ եւ ԱՐԴԱՐ բանաձեւը:

Ցավոք այս երեազանքը նույնպես իրականություն չդարձավ:

Ի հեճուկս կառավարության հռչակած բանաձեւի՝ ամեն օր ականատեսն ենք լինում դրան հակառակ, կոնկրետ գործողությունների: Խորացող սոցիալական խնդիրների ֆոնին «մեղավորներին» մատնացույց անելու համար հասարակությունն են քայլ առ քայլ պառակտում: Առաջացնում են արհեստական նոր շերտեր՝ սեւեր եւ սպիտակներ, իշխանության անվերապահ աջակիցներ ու որեւէ քննադատական խոսք ասող քաղաքացիներ, «շարիկ գլորող, սուրճ խմող» ստորին ու միջին օղակներում պաշտոններ զբաղեցնող հին չինովնիկներ եւ օրվա իշխանությունների հետ եկած բարձրաստիճան նոր չինովնիկներ, ի վերջո՝ «աղքատությունը սեփական գլխից հանած» աշխատասերներ, որոնք մինչեւ իրենց վաստակած վերջին դրամը պատրաստ են հարկ վճարել եւ «աղքատությունը սեփական գլխում պահած» ծույլեր: Իշխանության աջակցությամբ եւ թողտվությամբ՝ արհեստական այս շերտերի մեջ անընդհատ հրահրվում է ատելության, հանրային կյանքում փորձարկվում են անհանդուրժողականության տարբեր դրսեւորումներ՝ անխուսափելի բացասական հետեւանքներով:

Մյուս կողմից էլ, իշխանափոխությունից հետո հետաձգվել են համակարգային բնույթ ունեցող, հրատապ մի շարք բարեփոխումներ, արձանագրվել են ընթացիկ կառավարման բազմաթիվ ձախողումներ: Այս խնդիրների մասին առիթ ունեցել ենք բարձրաձայնելու, իսկ առանձին դեպքերում առաջարկել ենք նաեւ կոնկրետ լուծումներ: Սակայն կառավարման համակարգի արդյունավետության տեսանկյունից առավել մտահոգիչ է, որ պետական կառավարման համակարգում առաջացող խնդիրների համար բարձրաստիճան ոչ մի պաշտոնյա այդպես էլ պատասխանատվության չի ենթարկվել, ինչն օբյեկտիվորեն ենթադրվում էր, քանի որ նրանք նաեւ այդ խնդիրները կանխարգելելու եւ պատշաճ լուծելու համար են ստանում բարձր աշխատավարձեր ու պարգեւատրումներ:

«Նոր» Հայաստանի առաջին օրերին էր նաեւ, երբ բացառապես սուբյեկտիվ պատճառներով բազմաթիվ մասնագետներ կորցրեցին իրենց աշխատանքը պետական համակարգում, որին միշտ են վերաբերել նվիրումով, աշխատել են սիրով ու ջանք չխնայելով, եւ որ ամենակարեւորն է՝ ազնիվ մղումներով ու ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ սպասումով:

Ինչու՞ «թացը խառնվեց չորին», ինչու՞ հետեւողականություն չդրսեւորվեց կադրային որոշումներում: Եվ վերջապես՝ ու՞ր մնաց ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ եւ օրվա իշխանության հռչակած նոր բանաձեւը:

Այս հարցերն այդպես էլ անտեսվեցին: Բնականաբար առաջ է գալիս մի նոր եւ այս անգամ արդեն առավել առարկայական հարց. «լսածին հավատանք, թե՞ տեսածին»: Եվ ուրեմն ԱՅՈ՛, նորից երազում ենք, որ այս հարցի պատասխանը մի օր եւ իրականում դառնա՝ «հավասարապես՝ լսածին է՛լ, տեսածին է՛լ»:

Եվ վերջում. մեր ԺՈՂՈՎՈՒՐԴՆ է ասում՝ «տաշած քարը գետին չի մնա»: Այս բանաձեւը հին է, բայց միշտ աշխատում է: Միաժամանակ, պարզ տրամաբանությունը եւ արձանագրվող փաստերն էլ վկայում են՝ օրվա իշխանությունների որդեգրած կադրային «քաղաքականությունն» անխուսափելիորեն հանգեցնելու է կառավարման ճգնաժամի»,–նշել է նա: