Վանեցյանը ֆուտբոլի երկրպագուներին կոչ է արել գալ մարզադաշտ և երկրպագել նախընտրած թիմերին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 2, 24News

Վանեցյան

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանն ուղերձ է հղել Հայաստանի բարձրագույն խմբի մրցաշրջանի մեկնարկի կապակցությամբ։ Այդ մասին տեղեկացնում է ՀՖՖ լրատվական ծառայությունը։ 

«Հարգելի՛ ֆուտբոլասերներ, այսօր Գյումրիում և Երևանում կայանալիք 2 հանդիպումներով մեկնարկում է Հայաստանի բարձրագույն խմբի հերթական՝ 28-րդ մրցաշրջանը, որին մասնակցելու են 10 թիմեր: Վերջին անգամ մեր բարձրագույն խմբում մասնակիցների նման քանակ ունեցել ենք հեռավոր 2002 թվականին: Օրեր անց մեկնարկելու է նաև Հայաստանի առաջին խմբի մրցաշարը, որին մասնակցելու հայտ են ներկայացրել 18 թիմեր: Բնականաբար, սրանք ուրախացնող, հույս ներշնչող թվեր են:

Հուլիսին Երևանում կայացավ Եվրոպայի մինչև 19 տարեկան ֆուտբոլիստների եզրափակիչ մրցաշարը, որի կազմակերպումը միջազգային փորձագետների, ՈւԵՖԱ-ի ղեկավարների կողմից արժանացավ ամենաբարձր գնահատականների: Հայաստանը, Երևանը, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մրցաշարի ամբողջ ընթացքում եվրոպական ֆուտբոլի կենտրոններից մեկն էր:

Այդ մրցաշարի դրական մթնոլորտը, բարձր կազմակերպվածությունը կարծես փոխանցվել է եվրագավաթներում հանդես եկող մեր թիմերին. «Արարատ Արմենիան» և «Փյունիկը» շարունակում են իրենց ելույթները, «Ալաշկերտն» էլ պայքարը լքեց արժանապատիվ ֆուտբոլ ցուցադրելով: Եվրագավաթների պատմության ընթացքում արդեն այս պահի դրությամբ Հայաստանը ռեկորդային ցուցանիշ է գրանցել և դեռ հույսեր կան, որ մեր թիմերը էլ ավելի կզարգացնեն այս հաջողությունները:

Արձանագրված դրական միտումները պետք է շարունակվեն նաև Հայաստանի բարձրագույն խմբի մրցաշարում:

Կոչ եմ անում մեր թիմերին՝ մրցաշարի ընթացքում ներդնել իրենց ամբողջ կարողությունները, առաջնորդվել արդար խաղի, մրցակցի նկատմամբ հարգանքի սկզբունքներով:

Կոչ եմ անում ֆուտբոլասերներին՝ եկե՛ք մարզադաշտ, երկրպագե՛ք ձեր նախընտրած թիմերին: Բարի երթ», - ասված է Արթուր Վանեցյանի ուղերձում։