Մեքենաների գրանցման և հաշվառման համար ՃՈ ստորաբաժանումներում սահմանվել է նոր ռեժիմ

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 2, 24News

Ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ Ճանապարհային ոստիկանության տարածքային հաշվառման-քննական ստորաբաժանումների համար սահմանվել է աշխատանքային ռեժիմ՝ կապված տրանսպորտային միջոցների գրանցման և հաշվառման գործողությունների աճով։ Հայտարարությունը՝ ստորև․ 

«Հարգելի՛ քաղաքացիներ, վերջին ժամանակահատվածում ՀՀ ներմուծված տրանսպորտային միջոցների աննախադեպ աճով և դրա արդյունքում տրանսպորտային միջոցների գրանցման և հաշվառման գործողությունների շեշտակի աճով պայմանավորված՝ քաղաքացիներին ավելի որակյալ և արդյունավետ սպասարկելու, առաջացող հերթերից խուսափելու նպատակով ՀՀ ոստիկանության պետի հրամանով 2019 թվականի օգոստոսի 3-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ Ճանապարհային ոստիկանության տարածքային հաշվառման-քննական ստորաբաժանումների համար սահմանվել է հետևյալ աշխատանքային ռեժիմը․

1) երկուշաբթիից շաբաթ օրը ներառյալ՝ ժամը 09.00-18.00 (քաղաքացիների մուտքը՝ ժամը 09.00-17.00, զննության կայանում՝ ժամը 09.00-16.30),

2) Ճանապարհային ոստիկանության Երևանի հաշվառման-քննական բաժնի համար՝ երկուշաբթիից կիրակի օրը ներառյալ՝ ժամը 09.00-18.00 (քաղաքացիների մուտքը՝ ժամը 09.00-17.00, տրանսպորտային միջոցների զննության կայանում՝ ժամը 09.00-16.30),

3) տարածքային ստորաբաժանումները քաղաքացիներին սպասարկելու են առանց ընդմիջման ժամի»։