Պետք է հույս ունենալ, որ ստեփանակերտյան հրապարակը Փաշինյանը կօգտագործի համախմբան համար

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 2, 24News

Արման Բաբաջանյան

ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ օգոստոսի 5-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում նախատեսած ելույթը վաղուց հասունացած քայլ է՝ հաշվի առնելով, որ տևական ժամանակ Արցախում, ըստ էության, եռացող ներքաղաքական ճգնաժամի՝ առերևույթ հանգիստ թվացող երևույթների խորքում, իրականում ընկած են բավական վտանգավոր հեռանկարներ՝ ինչպես Արցախի ներքաղաքական կյանքի համար, այնպես էլ ընդհանուր առմամբ կարգավորման գործընթացին վնասող, սպառնալիք ներկայացնող: Այդ առումով, այո, վարչապետի կողմից ուղերձով դիմելու քայլը պետք է ողջունելի համարել: Պետք է հույս ունենալ, որ ստեփանակերտյան հրապարակը Նիկոլ Փաշինյանը կօգտագործի, ինչպես ինքն է ասում, իսկապես համախմբող նշանակություն ունենալու համար, և Արցախը առաջիկա զարգացումներին ցնցումներից զերծ պահելու նպատակով:

Ողջունելի է, որ Նիկոլ Փաշինյանը Արցախում իր ունենալիք ելույթը ներկայացնում է համազգային օրակարգի տիրույթում, որովհետև, այո, ղարաբաղյան հարցը մեզ համար համազգային նշանակության հարց է, այն պետք է ընկած լինի մեր բոլոր նախաձեռնությունների և ձեռնարկումների առաջնային դիրքերում:

Պետք է հույս ունենալ նաև, որ Նիկոլ Փաշինյանի ելույթը զերծ կլինի հեղափոխականությունից, հեղափոխությունը ինչ-որ իմաստով Արցախ արտահանելու նպատակադրումից, ինչի մասին որոշակի վարկածներ, կարծիքներ կան: Հայաստանի իշխանությունը, Նիկոլ Փաշինյանը, իշխանության գալուց ի վեր, առնվազն հայտարարությունների մակարդակում ամեն ինչ արել և անում է Արցախի սուբյեկտայնությունը շեշտելու, բարձրացնելու ուղղությամբ, և չափազանց կարևոր է, որ Հայաստանի իշխանությունը զերծ մնա Հայաստանի ներքաղաքական կյանքին խառնվելու գայթակղությունից և կատարի Արցախի կայունության և անվտանգության իր անփոխարինելի առաքելությունը:

Կարծում եմ՝ չափազանց կարևոր է նաև, որ Նիկոլ Փաշինյանի ելույթը պարունակի անուղղակի աջակցություն Արցախի ներկա իշխանությանը, որն ունի սահմանադրական պարտականություն՝ կազմակերպելու առաջիկա նախագահական և խորհրդարանական ընտրությունները: Մենք գիտենք, որ հայտնի ուժերի կողմից զարգացումներն ընթանում են այլ ուղղությամբ, այն է՝ ամեն գնով տապալել Արցախի գործող իշխանությունը, ինչը հղի է բազմաթիվ՝ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին վտանգներով, հետևաբար կարծում եմ՝ Հայաստանի իշխանությունը, վարչապետը, պետք է մեկ անգամ և վերջնականապես արձանագրի, որ Հայաստանի իշխանությունը կանգնած է Արցախի իշխանությունների կողքին՝ այս չափազանց փխրում, բայցև պատմական ժամանակահատվածում