Ուկրաինայում սպանվել է Յապոնչիկին փոխարինող «օրենքով գող» Պետրիկը

ԵՐԵՎԱՆ ՕԳՈՍՏՈՍԻ 02, 24News

Օգոստոսի 1-ին Զապորոժյեում (Ուկրաինա) 3 տղամարդ սպանել են Մոսկվայի սլավոնական քրեական կլանի ղեկավար, «օրենքով գող» Ալեքսեյ Պետրովին՝ Պետրիկին։ Մարդասպանների ինքնությունը պարզվել է։ Նրանցից երկուսը Զապորոժյեի բնակիչներ են՝ ծնված 1960 և 1991 թթ․-ին։  Ընթանում են որոնողական աշխատանքներ։ Հարձակում գործած 3-րդ անձը, ԶԼՄ-ների հաղորդումներով, արդեն ձերբակալված է։

Նշենք, որ 2009 թ․ Պետրովին նշանակեցին լեգենդար օրենքով գող Վյաչեսլավ Իվանկովի՝ Յապոնչիկի «իրավահաջորդ»։ Տեղական լրատվամիջոցները գրել են, որ սպանությունն ամենայն հավանականությամբ կապված է մետաղի անօրինական առևտրի հետ։

Հրապարակված հարձակման տեսագրության մեջ երևում է, որ Պետրովն ինքն է երեք մարդասպաններին ներս թողնում մասնավոր տան բակ։ Նրան սառը զենքով 10 հարված է հասցվել։ Պետրովի դիակը հայտնաբերել է նրա որդին։

«Вместе» զապորոժյան կայքը հաղորդել է, որ սպանությունը ամենայն հավանականությամբ կապ ունի «Սև լեռ» տեխնոգեն տեղանքում մետաղի ապօրինի արդյունահանման հետ, որտեղ ԽՍՀՄ ժամանակներից տեղափոխում էին ցածրորակ մետաղը։ 1990 թթ․ -ից մետաղը սկսեցին արդյունահանել և անօրինական հիմունքներով վաճառել Զապորոժյեի մետաղագործական գործարաններին։ «Սև լեռը» դարձավ մշտական հակամարտությունների վայր՝ Զապորոժյեի քրեական միջավայրում։ Ալեքսեյ Պետրովը վեճի մեջ մտավ այլ քրեական խմբավորումների հետ, որոնք ևս զբաղված էին մետաղի արդյունահանմամբ։  

Կայքը նշում է, որ չճշտված տեղեկություններով, «Բուրան» մականունով 3-րդ մարդասպանն արդեն ձերբակալված է։

Ալեքսեյ Պետրովը ծնվել է 1962 թ․-ին։ 1980-ականների սկզբին նա մտել է Մազուտկինյան կազմակերպված հանցավոր խմբավորման մեջ։ 1980-ականներին Պետրովն այն միանձնյա էր ղեկավարում, սակայն 1990-ականների սկզբին խմբավորման մեջ բաժանում եղավ․ մարդկանց մի մասը լքեց այն։

Պետրովը  եռակի դատված է եղել՝ գողության, կողոպուտի և դրամաշորթության համար։

1990-ականներին Պետրովն ապրել է արտասահմանում, մասնավորապես՝ Ուկրաինայում, որտեղ ուկրաինական քաղաքացիություն է ստացել և վերցրել իր կնոջ ազգանունը՝ դառնալով Սուվորով։

Ինչպես գրում է «Труд» թերթը, «օրենքով գող» Վյաչեսլավ Իվանկովի հուղարկավորությունից անմիջապես հետո 2009 թ․ նոյեմբերին տեղի ունեցավ գողական հավաք, որտեղ որոշվեց, որ Ալեքսեյ Պետրովը կդառնա նրա «իրավահաջորդը»։