Տիգրան Ավինյանն ընդունել է շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշի գլխավորած պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 2, 24News

983731

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն oգոստոսի 2-ին ընդունել է շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշի գլխավորած պատվիրակությանը:

Այս մասին հայտնում են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից։ Հանդիպման ընթացքում գործարարները ներկայացրել են Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում ընթացիկ և ապագա ներդրումային ծրագրերը:

Մասնավորապես, քննարկվել են Երևանում և մարզերում թեթև արդյունաբերության, մեքենաշինության, միկրոէլեկտրոնիկայի, ժամագործության, շինարարության և գյուղատնտեսության ոլորտներին վերաբերող նախագծեր: Առանձին անդրադարձ է կատարվել «Հին Երևանի» և «Ֆիրդուսի» թաղամասերի ծրագրերին:

Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստանում աշխատաշուկայի վիճակը և այս առումով կարևորել այնպիսի կրթական ու մասնագիտական ծրագրերի իրականացումը, որոնք անմիջական կապ կունենան աշխատաշուկայի պահանջներին:

Տիգրան Ավինյանը նաև նշել է, որ կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում այնպիսի ենթակառուցվածքների զարգացմանը, որոնք կնպաստեն արդյունաբերական օբյեկտների գործունեությանը: