Իրավիճակը սահմանին հանգիստ է, կան տեղեր, որտեղ կրակոց էլ չի եղել․ Արտակ Դավթյան

ԵՐԵՎԱՆ ՕԳՈՍՏՈՍԻ 03, 24News  

Davtyan

Այս պահի դրությամբ սահմանում լարվածություն չկա, բայց եղել է, այսօր «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցաշարի մեկնարկին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը։

«Այս պահին իրավիճակը սահմանին հանգիստ է։ Կարող եմ ավելին ասել՝ վերջին երկու օրերի ընթացքում կրակոցների քանակը կտրուկ նվազած է, առանձին տեղերում նույնիսկ կրակոց չի եղել», - հայտարարեց Դավթյանը։

Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական սահմանին վերջին շրջանում անհանգիստ իրավիճակին, երբ հակառակորդի կրակոցներից պայմանագրային զինծառայող էր վիրավորվել, Դավթյանն ասաց, որ լարվածությունը կապված չի եղել հայկական Զինված ուժերի գործունեության հետ։

«Դա դիտարկվում է որպես սադրանք՝ ադրբեջանական կողմից։ Մեր զինված ուժերը համապատասխան գործողություններ իրականացրել են՝ ի պատասխան նրանց կողմից արված սադրանքների», - հայտնեց ԶՈՒ Գլխավոր շտաբի պետը։