Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկությունը թույլատրելու մասին որոշումը բեկանվեց

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News

1

Վերաքննիչ դատարանն այսօր բավարարել է դատավոր Դավիթ Գրիգորյանի գործով բողոքը՝ բեկանելով Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Գրիգորյանի աշխատասենյակում խուզարկությունը թույլատրելու մասին որոշումը։ Այդ մասին 24News-ի հետ զրույցում հայտնեց Դավիթ Գրիգորյանի պաշտպան Գեորգի Մելիքյանը։ Նա նաև տեղեկացրեց, որ դատարանի որոշումը դեռ չի ստացել, այդ պատճառով չի կարող ասել, թե ինչ հիմքով է բեկանել Վերաքննիչը առաջին ատյանի որոշումը։

«Կարևորը, որ Վերաքննիչ դատարանը որոշեց, որ խուզարկություն անցկացնելու որոշումը ենթակա է բեկանման։ Մի շարք բողոքներ ունենք ներկայացված, որոնցից մեկը սա էր, սպասում ենք մյուսների պատասխաններին», - նշեց Դավիթ Գրիգորյանի պաշտպանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 16–ին դատարանի որոշմամբ Հատուկ քննչական ծառայության աշխատակիցները խուզարկություն էին կատարել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում: Արդյունքում առգրավվել էր երեք համակարգիչ, ինչպես նաև Ռոբերտ Քոչարյանի գործին վերաբերող կրիչներ և փաստաթղթեր։ Հուլիսի 27-ին ԲԴԽ-ն բավարարել էր դատախազության միջնորդությունները և  համաձայնություն տվել Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն։ ԲԴԽ որոշմամբ՝ դատավորի լիազորությունները կասեցվել էին։

Դավիթ Գրիգորյանին մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 314 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով պաշտոնեական կեղծիք կատարելու համար։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանն էր մայիսի 18-ին որոշմամբ կալանքից ազատել Մարտի 1-ի գործով մեղադրյալ, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, իսկ գործի վարույթն էլ կասեցնելով՝ ուղարկել այն ՍԴ՝ երկրորդ նախագահին մեղսագրվող սահմանադրական կարգի տապալման հոդվածի սահմանադրականությունը, նաև Սահմանադրությամբ նախագահի անձեռնմխելիության ինստիտուտի էությունը որոշելու համար։