Հայ ժողովրդի ամենամեծ ստեղծագործություններից մեկը Արցախյան ազատագրական շարժումն է. նախագահ

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News

Արցախ

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակի հանրահավաքը մեկնարկել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի ելույթով և անդրադարձել Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության կարևորությանը։ 

«Ուզում եմ խոսել Արցախին ընկած բաժնի մասին: Մենք այս տարիների ընթացքում չենք թաքցրել, որ մեր մեջ կրում ենք պաշտամունք մեր նախնիների հանդեպ: Նրանք այս տարիների ընթացքում ունեցել են անկումներ և վերելքներ, տվել են սուրբ երկիր: Այս սուրբ երկրի արժեքն է մարդը և մարդասիրությունը:

31 տարի առաջ արցախցիները ելել են ոտքի և, ի լուր աշխարհի, հայտարարել են, որ այլևս չեն համակերպվելու ազգային ինքնասիրության ոտնահարմանը: Մեր այդ հայտարարությանը առաջինն արձագանքել է Հայաստանը, և մենք այդ ժամանակվանից Հայաստան-Արցախ -Սփյուռք եռամիասնությունը ընդունել ենք որպես ապրելակերպ»,-ասել է Բակո Սահակյանը, ապա հավելել, որ հենց այդ եռամիասնության շնորհիվ են հաղթահարվել վերքերը, և Արցախը թևակոխել է կայուն զարգացման շրջան:

Արցախի նախագահը նշել է, որ իրենք նպատակ ունեն բարձր պահել հայ ժողովրդի արժանապատվությունը, և հայ ժողովրդի ամենամեծ ստեղծագործություններից մեկը Արցախյան ազատագրական շարժումն է: Նա նշել է, որ Արցախը պատրաստ է ստեղծել նախադրյալներ հաջորդ հաղթանակների համար:

«Անկախ այս կամ իրադարձությունից՝ մենք գնալու ենք մեր երազանքների իրագործմանը և աշխատանքներ ենք իրականացնելու Արցախի անկախության համազգային ճանաչման համար»,-ասել է Բակո Սահակյանը: