«Շշի Մելոյի» Ռենջ Ռովերը դեպքի վայրից տարած, քննությանից թաքցրած աբովյանցին կալանավորվեց

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 6, 24News

renj

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Աբովյան քաղաքի բնակչին: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2019 թվականի օգոստոսի 2-ին, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, հանցագործության հետքեր պարունակող «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենան քննությունից թաքցնելու և քննիչի կողմից կատարվող դեպքի վայրի զննությանը խոչընդոտելու նպատակով, զննության ընթացքում չենթարկվելով դեպքի վայրի պահպանություն իրականացնող ՀՀ ոստիկանության աշխատակիցների՝ մեքենան չնստելու և այն չտեղաշարժելու վերաբերյալ օրինական պահանջներին, նստել էր վերոնշյալ մեքենան և այն վարելով ոստիկանի ուղղությամբ` դուրս բերել դեպքի վայրից ու դիմել փախուստի:

Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի և 332-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում պարզվել էր ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Աբովյան քաղաքի բնակիչ՝ ծնված 1976 թվականին: Ձեռնարկված մի շարք անհետաձգելի քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական, ինչպես նաև՝ օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում վերջինս հայտնաբերվել էր և ձերբակալվել՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելու կասկածանքով: Հայտնաբերվել էր նաև «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենան:

Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ` նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի և 332-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:  Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է: