«Գնեք Հայաստանում»․ սփյուռքահայ գործարարն առաջարկում է ՀՀ-ից գնումները դարձնել մշակույթ

ԵՐԵՎԱՆ ՕԳՈՍՏՈՍԻ 06, 24News

1
  

Քուվեյթահայ գործարար Կիրակոս Գույումջյանն այն սփյուռքահայերից է, ով ուղիներ է փնտրում Հայաստանին օգտակար լինելու համար: «Արմենպրես»-ի հետ զրույցում նա նշեց, որ Հայրենիքին ծառայելու միտքը միշտ եղել է իր մտքում: Ժամանակի ընթացքում գործարարն առավել ինտենսիվ է դարձրել դեպի Հայաստան իր այցելությունները, այստեղ հողատարածք  ու տուն է գնել, ուսումնասիրել է երկրի հնարավորությունները: Նա նկատեց, որ Հայաստանում զբոսաշրջության զարգացման լուրջ հնարավորություններ կան, իսկ միտումները միայն խոստումնալից են: Ահա այս համատեքստում Կիրակոս Գույումջյանը որոշեց կյանքի կոչել «Գնեք Հայաստանում» գաղափարը:

 «Տարվա ընթացքում բազմաթիվ մեր հայրենակիցներ ամենատարբեր երկրներից պարբերաբար գալիս են Հայաստան: «Գնեք Հայաստանում» գաղափարի իմաստն այն է, որ մեր հայրենակիցներն իրենց կարիքների համար ապրանքները գնեն հենց Հայաստանում: Զբոսաշրջային այցից առաջ իրենց գնումները ոչ թե կատարեն այլ քաղաքներում, այլ հենց Հայաստանում, չէ որ այստեղ էլ կան բազմաթիվ խոշոր առևտրի կենտրոններ»,-ասաց Կիրակոս Գույումջյանը:

«Գնեք Հայաստանում» գաղափարը Կիրակոս Գույումջյանը սկսել է կյանքի կոչել ամիսներ առաջ, ներկայումս պատրաստվում է նոր թափ հաղորդել դրան՝ օգտագործելով սոցիալական ցանցի ու մեդիայի հնարավորությունները: Նա նկատեց, որ այս գաղափարի լայնորեն իրականացումը կնպաստի Հայաստանի տնտեսության զարգացմանը:

«Եթե այս միտքը լայն տարածում գտնի, ապա դա կնպաստի տեղական շուկայի աշխուժացմանը, ինչն էլ իր հերթին կհանգեցնի արտադրության ընդլայնմանը, նոր արտադրությունների հիմնմանը: Հաջորդ օգուտը կլինի այն, որ Հայաստանում կավելանա արտարժույթը, ինչը շատ կարևոր է տնտեսության համար: Այստեղ այնպիսի հնարավորություններ կան, որ մեր սփյուռքահայ բարեկամները կարող են ապրանքներ գտնել, օրինակ, իրենց տների կահավորման համար: Երկրում կա զարդեղենի, թանկարժեք իրերի լայն ընտրանի, կարող են գտնել հագուստ, տեխնիկա:  Ի դեպ, ոչ միայն կարելի է ապրանք գնել Հայաստանում, այլև կարող են օգտվել տեղի բժշկական ծառայություններից: Դրանից բացի, հնարավորություն դեպքում իրենց երեխաների, տան անդամների կարևոր առիթներն անցկացնեն Հայաստանում, որի համար անհրաժեշտ իրերը գնվեն այստեղից»,-ասաց Կիրակոս Գույումջյանը: Նա առանձնացրեց մի խնդիր, ըստ որի հայկական շուկայում հաճախ են հանդիպում ապրանքներ, որոնց վրա միայն ռուսերեն գրառումներ են: Ըստ նրա՝ պետք է ուշադրություն դարձնել դրան և անպայման ներկայացնել հայկական մակնշմամբ, որպեսզի մեր հայրենակիցները կարողանան հեշտությամբ ապրանքներ գնել:

Կիրակոս Գույումջյանն ակնկալում է, որ այս գաղափարը շատերը կընդունեն ու Հայաստանում գնումներ կատարելը կդառնա մշակույթ:

Քուվեյթահայ գործարարը հաճախ է լինում Հայաստանում և նշում է, որ հեղափոխությունից հետո մարդիկ առավել լավատես են դարձել: «Այո, աջից ձախից դժգոհություններ կան, սակայն չէ՞ որ կատարյալ իրավիճակ որևէ երկրում չկա: Այո, կարող եմ ասել, որ իմ շրջապատը, իմ ընկերները շատ գոհ է իրավիճակից, առավել հանգիստ են: Մտածում են՝ այստեղ տուն գնելու, բիզնես աշխատացնելու մասին: Վստահ եմ, որ հեղափոխությունն իր դրական ազդեցությունը կթողնի հայկական իրականության մեջ»,-ասաց  նա:

Կիրակոս Գույումջյանն արդեն 40 տարի է իր սեփական բիզնեսն ունի: Նա զբաղվում է գունավոր մետաղների վաճառքով: Ուսումնասիրում է հայկական շուկան այստեղ բիզնես սկսելու համար: